Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը սեպտեմբերի 27-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի էներգետիկայի շաբաթ» 7-րդ միջազգային համաժողովին։
Էներգառեսուրսների աճուրդների ընդլայնման միջոցով էներգետիկայի զարգացումը և բորսաների ստանդարտացման անհրաժեշտությունը, բորսայական աճուրդների «ոսկե ստանդարտը» դարձել են Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի կողմից համաժողովի շրջանակներում կազմակերպված գործարար նախաճաշի հիմնական թեմաները։
Մաքսիմ Երմոլովիչը նշել է, որ մոտ ապագայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում սպասվում է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգի հաստատում։
«Ծրագրային փաստաթղթերը նախատեսում են նաև մեր ընդհանուր շուկաների գների ցուցիչների մեխանիզմի զարգացում։ Այս տարի ՊՄՏՀ-ում հինգ երկրի բորսաների կողմից կնքված համաձայնագիրը լրացուցիչ դինամիկա կհաղորդի այս գործընթացին և կբարձրացնի ցուցիչների ներկայացուցչականությունը։ Անհրաժեշտ է նաև ներդաշնակեցնել երկրներում ապրանքների բորսայական առևտրի ոլորտի օրենսդրությունը»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Այսպիսով, ըստ Մաքսիմ Երմոլովիչի, ցանկացած նորամուծություն կամ օրենսդրական փոփոխություն պետք է քննարկվի փորձագիտական մակարդակով Միության բոլոր երկրների հետ, որպեսզի փոխադարձ առևտրի համար խոչընդոտներ չստեղծվեն՝ կարգավորող թե տեխնոլոգիական:
«Մենք մեր աշխատանքում անպայման հաշվի ենք առնելու օրենսդրական և տեխնոլոգիական համատեղելիության հարցերը։ Դրանք ձևավորելիս անհրաժեշտ է խուսափել ավելորդ խոչընդոտներից»,- նշել է «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսա» ԲԸ նախագահ Իգոր Արտեմևը։