Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման նոր համակարգի գործարկման հարցը Եկատերինբուրգում՝ «ԻՆՆՈՊՐՈՄ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած ԵԱՏՄ երկրների Արդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստի գլխավոր կետն էր։
«Այս տարվա մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում մեր երկրների նախագահների կողմից ստորագրված՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների վավերացումից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության բյուջեից արդյունաբերության ոլորտի բազմակողմ նախագծերի ֆինանսավորման նոր լիազորություններ է ստացել, - հայտարարել է Արտակ Քամալյանը։ - Ներկայումս Հանձնաժողովը եվրասիական «հնգյակի» պետությունների պրոֆիլային նախարարությունների հետ համատեղ մշակում է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցման մեխանիզմ, որը կարագացնի անդամ պետությունների տեխնոլոգիական զարգացումը և մեր երկրների փոքր տնտեսությունների համար հասանելի կդարձնի նոր տեխնոլոգիաների մշակումը»։
Արտակ Քամալյանի խոսքով՝ մեխանիզմը գործարկելու նպատակով մշակվում և այս տարվա աշնանը Միության պետությունների վարչապետերի մակարդակով կստորագրվի Կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ընթացքում ֆինանսական աջակցության տրամադրման կարգի մասին հիմնադրույթը։ Փաստաթուղթը սահմանում է նախագծերի, վարկառուի, ֆինանսական կազմակերպությունների չափանիշներն ու ներկայացվող պահանջները, ինչպես նաև սուբսիդավորման մեխանիզմի աշխատանքի կարգը, ներառյալ գործընթացի բոլոր մասնակիցների պատասխանատվությունը և վերահսկողությունը միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
«Նոր մեխանիզմի գործնական ներդրման համար իրավական հիմքի կառուցմանը զուգահեռ՝ մենք փնտրում ենք «3+» ձևաչափով ինտեգրացիոն նախագծեր, որոնց գործարկումը կարող է դառնալ մեր «պիլոտ»-ի հիմքը, - նշել է ԵՏՀ նախարարը: - Այժմ, և որքան հնարավոր է շուտ, կարևոր է բացահայտել առավել առաջնահերթ ոլորտները սուբսիդավորման ծրագրում առաջնահերթ ընդգրկելու համար։ Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության պետությունների արդյունաբերության նախարարություններին ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ»։
Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի շրջանակում Արտակ Քամալյանը խոսել է նաև մինչև 2030 թվականը արդյունաբերության զարգացման նոր ռազմավարական մոտեցումների նախապատրաստման մասին (ԱՀՀՈՒ 3.0)։
Արդյունաբերական համագործակցության հիմնական նպատակը 2025-2030 թվականներին կդառնա ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական շահերի իրականացման համաժամանակացման ռազմավարական վեկտորի և պայմանների ձևավորումը, որն անհրաժեշտ է համաշխարհային մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար։
«Առաջնահերթ կլինի վեց ուղղություն: Դրանք են՝ կադրերը, արտահանումը, տեխնոլոգիաները և արտադրության էկոլոգիզացումը, ինչպես նաև ռեսուրսները, ֆինանսները և ոլորտային զարգացումը։ Յուրաքանչյուր ուղղությանը բաժին է հասնում արդյունաբերական համագործակցության միջինը հինգ գործիք: պարզաբանել է Արտակ Քամալյանը: - Նախագծեր իրականացնելիս մենք օգտագործելու ենք ֆինանսավորման նոր մեխանիզմը։ Բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքը կապված կլինի հստակ ցուցիչներին հասնելու հետ, ինչպիսիք են արդյունաբերական արտադրանքի ծավալը, փոխադարձ առևտուրը, արդյունաբերական կոոպերացիայի ինդեքսը և այլն»։
Արդյունաբերական քաղաքականության խորհրդի անդամները հավանություն են տվել այս մոտեցմանը և փաստաթղթի մշակման կարևորությանը, ինչպես նաև տվել առաջարկներ ներկայացրել ԱՀՀՈՒ-2030-ի հայեցակարգային բովանդակության վերաբերյալ:
Արտակ Քամալյանի խոսքով՝ մինչև 2030 թվականը արդյունաբերական արտադրանքի ծավալը պետք է ավելանա 1,4 անգամ։ Կկրկնապատկվեն ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը և հետազոտությունների ու մշակումների ծախսերը։
Նիստի մասնակիցները քննարկել են Միության շրջանակներում տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները և աջակցության միջոցները, ինչպես նաև աջակցությունը երրորդ երկրներում ԵԱՏՄ արդյունաբերական գոտիների զարգացմանը։
Հանդիպման ավարտին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պրոֆիլային նախարարությունների ղեկավարները պաշտպանել են Հանձնաժողովի նախաձեռնությունը Միության երկրներում ԻՆՆՈՊՐՈՄ արդյունաբերական ցուցահանդեսի անցկացման պրակտիկան տարածելու վերաբերյալ: Եվրասիական ձևաչափով հերթականությամբ պետություններից յուրաքանչյուրում անցկացվող նոր միջոցառումը կարող է դառնալ ԵԱՏՄ արդյունաբերական նվաճումների կենտրոնական, ուղենիշային ակնարկ։ Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ նման ցուցահանդեսները խթան կհանդիսանան կոոպերացիոն մատակարարումների ավելացմանը, եվրասիական արդյունաբերության իմիջի բարելավմանը. կնպաստեն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն առաջարկել է 2024 թվականի աշնանային «Իննոպրոմն» անցկացնել Հայաստանում։
ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարը Ալեքսանդր Ռոգոժնիկը, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարար Մարատ Կարաբաևը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը, ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, ինչպես նաև Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը:
Տեղեկանք
«Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում ՝ սկսած 2010 թվականից: Միջոցառման շրջանակներում ավանդաբար ցուցադրվում է ԵԱՏՄ պետությունների և արտասահմանյան երկրների ձեռքբերումները իրական հատվածում։
2019 թվականից ի վեր Միությունում արդյունաբերական արտադրությունն աճել է 7%-ով։ Անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալն աճել է ավելի քան մեկուկես անգամ։ Լավագույն դինամիկա են ցույց տվել տրանսպորտային մեքենաշինությունը (աճ 2,5 անգամ), տեքստիլ արդյունաբերությունը (2 անգամ), քիմիական արդյունաբերությունը (85%) և էլեկտրաօպտիկական արդյունաբերությունը (80%)։