Երկարաժամկետ հեռանկարում Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հնարավորությունները, անդամ երկրների բուհերի հետ համագործակցության խորացումը և այլ հարցեր քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին առընթեր Գիտատեխնիկական խորհրդի նախագահության ութերորդ նիստի մասնակիցները: Նիստը կայացել է Ռուսաստանի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ) Եվրասիական տեղեկատվավերլուծական կոնսորցիումի (ԵՏԽԿ) համակարգող խորհրդի աջակցությամբ՝ 3-րդ Եվրասիական վերլուծական համաժողովի շրջանակներում։
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, Գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Գլազևը բովանդակային զեկույց է ներկայացրել տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կենսակարգերի կացութաձևերի փոփոխության պայմաններում եվրասիական ինտեգրման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ։
«Համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով մեծանում է տարածաշրջանային տնտեսական միավորումների նշանակությունը։ Նոր աշխարհակարգի ամենամեծ առավելությունները կստանան նրանք, ովքեր կարող են հմտորեն և արագ կառավարել առկա ռեսուրսները և ստեղծել նորերը՝ հաշվի առնելով արհեստական բանականության համակարգերի հնարավորությունները, կենսագենետիկ ճարտարագիտությունը, կազմակերպման և կառավարման ձևերը, անվտանգության ռիսկերը», — նշել է Սերգեյ Գլազևը։ Նրա ելույթը ներկայացված է հղումով:
ԵԱՏՄ-ում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է նոր տեխնոլոգիաները մեքենաշինության, շինարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտում, տնտեսության թվայնացումը և այլն։ Արդեն այսօր դրանք նպաստում են անդամ պետությունների տնտեսական աճի միջին տարեկան տեմպերի ավելացմանը, և այդ միտումն ավելանալու է։
Սերգեյ Գլազևը ներկայացրել է ԵԱՏՄ-ի զարգացման տարբեր սցենարներ, որոնց համապատասխան մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են կազմել 2.2%-ից մինչև 5.5%:
ՌԺԲՀ-ի ռեկտոր Օլեգ Յաստրեբովը և ՌԺԲՀ-ի նախագահ Վլադիմիր Ֆիլիպովը կարևորել են կադրերի որակյալ պատրաստումը և կողմ արտահայտվել տարբեր ինտեգրացիոն միավորումների՝ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի երկրների բուհերի ցանցային ձևերի կառուցման աշխատանքին: Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել համագործակցելու տնտեսագիտության, իրավաբանության և միջազգային հարաբերությունների ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ առաջարկներ մշակելու համար։
ԵՏԽԿ համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է հոկտեմբերի 23-ին 3-րդ Եվրասիական վերլուծական համաժողովի աշխատանքներն սկսելու մասին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման լրացուցիչ մեխանիզմներն ու գործիքները։
«Կոնսորցիումը պատրաստ է ակտիվորեն մասնակցել ԵԱՏՄ տարածական զարգացման հայեցակարգի մշակմանը, որը կձևավորեր տարածքային զարգացման գերակայությունների համակարգ և կորոշեր ԵԱՏՄ անդամ պետությունների տարածաշրջանների զարգացման ռազմավարական ծրագրի տեղը ռազմավարական կառավարման համակարգում», — նշել է Նիկոլայ Բորդյուժան։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի տեղակալ Մալեքի Հոսեյնն անդրադարձել է Մեծ Եվրասիայի ձևաչափով ամուր և կայուն ենթակառուցվածքի ստեղծման և, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակի ձևավորման հարցերին։ Նա ընդգծել է, որ նախագծի իրականացման հիմքն այս տարվա մայիսի 17-ին Ռուսաստանի և Իրանի միջև «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում կնքված Ռեշտ-Աստարա ճանապարհի 160 կմ երկարությամբ հատվածի համատեղ շինարարության մասին համաձայնագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1.6 մլրդ եվրո։ Հատվածի շինարարության համար կհատկացվի միջպետական վարկ 1.3 մլրդ եվրոյի չափով։ Մալեքի Հոսեյնը հույս է հայտնել, որ կողմերը հաստատակամ են նախագծի իրականացման հարցում։
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Իվանուսն իր ելույթում նկարագրել է ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության գիտատեխնիկական օբյեկտների հաշվառման, գնահատման, հավաստագրման և տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման համաշխարհային միտումները:
ՌԳԱ Հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական տեղեկատվության ինստիտուտի (ՀԳԳՏԻ) տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը ներկայացրել է Մեծ Եվրասիայի վերլուծական կենտրոնների ատլասը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի 250 վերլուծական կազմակերպություն ներառող տեղեկագիրը: Բացի այդ, նա հայտնել է նման կազմակերպությունների փորձագետների մշտապես թարմացվող բազա ձևավորելու պլանների մասին:
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ՄՏՀ ֆակուլտետի դեկան Պավել Սելեզնյովը տեղեկացրել է Սերգեյ Գլազևի ղեկավարությամբ եվրասիական ինտեգրման հիմնական ամբիոնի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։ Ամբիոնը կնպաստի Միության կրթական ներուժի զարգացմանը և ինտեգրացիոն գործընթացների մասսայականացմանը։
Նիստի մասնակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, օգտագործել ԵՏԽԿ-ի ներուժը Գիտատեխնիկական խորհրդի փորձագիտական խմբի աշխատանքում:
Տեղեկանք
Գիտատեխնիկական խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի 2020 թվականի մարտի 13-ի հրամանով։ Գործում է որպես ԵԱՏՄ-ի գիտատեխնիկական զարգացման հարցերով Հանձնաժողովի խորհրդատվական մարմին։ Կազմված է Խորհրդի նախագահությունից և փորձագիտական խմբից։ Նախագահության կազմում ընդգրկված են Հանձնաժողովի նախարարները և անդամ պետությունների երկուական ներկայացուցիչ՝ գիտությունների ազգային ակադեմիաների ղեկավարությունը և կրթության և գիտության ոլորտի փոխնախարարներ։ Փորձագիտական խումբը ներառում է Միության երկրների փորձագետների ընդարձակ կազմը և ապահովում է այդ մարմնի տեխնիկական փորձաքննության անհրաժեշտ մակարդակը։
Եվրասիական տեղեկատվավերլուծական կոնսորցիումն ապահովում է փոխգործակցությունը վերլուծական շրջանակների ներկայացուցիչների և գիտնականների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև։ Կոնսորցիումի աշխատանքն ուղղված է եվրասիական ինտեգրման գործընթացների անկախ գնահատմանը, այնպիսի հանձնարարականների մշակմանը, որոնք կարող են հաշվի առնվել ինտեգրացիոն միավորման մակարդակով որոշումներ կայացնելիս։