Նորություններ

30.09.2024

ԵԱՏՄ-Կուբա» բիզնես երկխոսության ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

Առևտրի ինտենսիվացման համար Եվրասիական տնտեսական միության երկրները և Կուբան պետք է ավելի ակտիվ աշխատեն գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների ընդլայնման ուղղությամբ։ Այս կարծիքին են հանգել փորձագետները սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-Կուբա» բիզնես երկխոսության ընթացքում։

«Կուբան Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ԵԱՏՄ առանցքային գործընկերներից է։ Մենք տեսնում ենք ձեռնարկատիրական համայնքի գործնական հետաքրքրությունը այնպիսի ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության նպատմամբ, ինչպիսիք են դեղագործությունը, բժշկական ծառայությունները, գյուղմթերքի արտադրությունը, էներգետիկան, տրանսպորտը»,- նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։

Գոհար Բարսեղյանն ընդգծել է, որ ԵՏՀ-ն առաջարկում է իր ենթակառուցվածքը ԵԱՏՄ և Կուբայի գործարար շրջանակների միջև փոխգործակցության զարգացման համար։ ԵՏՀ և Կուբայի կառավարության միջև փոխըմբռնման հուշագրով ստեղծված համատեղ հանձնաժողովի նիստերի շրջանակներում բիզնես սեմինարներ կամ բիզնես առաքելություններ են անցկացվում Միության երկրների և Կուբայի ձեռնարկատերերի մասնակցությամբ. Միության երկրների ընկերություններն ավանդաբար մասնակցում են Կուբայի խոշորագույն FIHAV կոնգրեսացուցահանդեսային տոնավաճառ միջոցառմանը:

Համագործակցության այն ուղղությունները, որոնց ԵԱՏՄ երկրները և Կուբան պետք է ուղղեն իրենց ջանքերը, ներկայացրել է Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների փոխնախարար Դեբորահ Ռիվաս Սաավեդրան։ Այս ոլորտները կապված են Կուբայի տնտեսության ուժեղ կողմերի՝ զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, խմիչքների և սննդամթերքի արտադրության հետ:

Կուբայի գործարար շրջանակների ներկայացուցիչները և Միության երկրների փորձագետները նշել են ամբողջ լատինամերիկյան տարածաշրջանի սպառողական շուկա մուտք գործելու նպատակով Կուբայում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։ Նման ՀՁ-ները կարող էին զբաղվել ցիտրուսայինների, խոզի մսի և թռչնամսի արտադրությամբ, Կուբայի արդյունաբերական արտադրությունների արդիականացմամբ, տնտեսության թվային վերափոխմամբ, օրգանական պարարտանյութերի և այլ ապրանքների արտադրությամբ՝ ինչպես ԵԱՏՄ երկրներ, այնպես էլ տարածաշրջանի երրորդ երկրներ արտահանելու համար, ինչպես նաև արևային վահանակների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Սերգեյ Կրասիլնիկովը ներկայացրել է փոխգործակցության զարգացման և առկա առևտրատնտեսական ներուժի ավելի որակյալ գործարկման առաջարկներ։ Ընդհանուր առմամբ, այս առաջարկները կապված են այնպիսի ուղղություններով ավելի ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտության հետ, ինչպիսիք են հողօգտագործման և մտավոր սեփականության ոլորտի իրավահարաբերությունները, Կուբայում բջջային կապի և վճարային համակարգերի աշխատանքը, բանկերի մասնաճյուղերի բացումը, լոգիստիկայի կատարելագործումը, այդ թվում՝ երրորդ երկրների դրոշներով նավերի մուտքը ծովային նավահանգիստներ, Կուբայի աշխատաշուկայի կարգավորումը և այլն։

Գործարար երկխոսությանը մասնակցել են նաև՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի գործադիր քարտուղար (մոդերատոր) Սերգեյ Միխնևիչը. «ԱԵՐՈՎԱՐԱԴԵՐՈ» ընկերության տնօրեն Կարմեն Արիաս Սուարեսը. «ԳավյոտաԼ» ընկերության փոխնախագահ Ռոբերտո Էնրիկես Կալսադիլյան (զբոսաշրջություն). Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. Կուբայի Առևտրի պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնան. Ռուսաստանի ԱԳՆ Լատինամերիկյան վարչության փոխտնօրեն Անդրեյ Գուսկովը, «ԲիոԿուբաՖարմա» ընկերության փոխնախագահ Էուլոգիո Պիմենտել Վասկեսը. Կուբայի արդյունաբերության փոխնախարար Խոսե Գասպար Ալվարես Սանդովալը. Կուբայի գյուղատնտեսության փոխնախարար Մաուրի Էչավարիա Բերմուդեսը: