Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել կողմերի առաջարկներին՝ ճգնաժամային ներմուծման ապրանքների առանձին տեսակների համար ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը և սակագնային արտոնությունները մինչև 2023 թվականի մարտի 31-ը երկարաձգելու մասին։
Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք ապրանքային դիրքերի վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի անունից մոտ ապագայում որոշում կկայացվի։
«Չնայած գարնանը ընդունված մաքսասակագնային կարգավորման միջոցների դրական արդյունքի, մնացել են առանձին զգայուն դիրքեր, որոնց նկատմամբ տուրքերի զրոյացումը կամ սակագնային արտոնությունները երկարաձգվում է վեց ամսով։ Խոսքը սկզբնական ցանկի ապրանքների քառորդ մասի մասին», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Մասնավորապես, երկարաձգումը կտարածվի հումքի՝ դեղագործական և քիմիական արտադրանքի, լաքերի, ներկանյութերի, տեքստիլի և կաշվի մշակման միջոցների, սոսինձների և օսլայի առանձին տեսակների, պլաստմասսաների, կաուչուկի և դրանցից պատրաստված արտադրատեսակների, թաղանթանյութից պատրաստված առանձին արտադրատեսակների, բրդի, բամբակի և վուշի հումքի, քիմիական թելերի, մանվածքի և մանրաթելերի նկատմամբ։ Ցանկում կներառվեն նաև մի շարք պատրաստի արտադրատեսակներ, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, բժշկական սարքավորումները, լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ռեագենտները։
Որոշումները տարածվելու են 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Տեղեկանք
ԵԱՏՄ տնտեսական կայունության բարձրացմանն ու ներքին շուկան արտաքին ճնշման պայմաններում անհրաժեշտ ապրանքներով հագեցնելուն ուղղված աջակցության առաջնահերթ միջոցների ապահովման նպատակով ընդունվել են ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի № 37, 2022 թվականի ապրիլի 5-ի №46, 2022 թվականի ապրիլի 15-ի № 76, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի № 63 և 2022 թվականի ապրիլի 19-ի № 66 որոշումները։ Այս որոշումները նախատեսում էին ապրանքների լայն անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1307 ծածկագրի) նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի զրոյացում մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։ Միջոցը թույլ տվեց զգալի աջակցություն ցուցաբերել ինչպես ԵԱՏՄ մի շարք երկրներում պատրաստի արտադրանքի սպառողներին, այնպես էլ ներմուծումից կախված արտադրողներին։