Նորություններ

10.02.2025

Հանրային քննարկման նպատակով հավանության են արժանացել ատրակցիոնների և գազային վառելիք ունեցող ապարատների վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգերի փոփոխությունները

Եվրասիական տնտեսական միության «Ատրակցիոնների անվտանգության մասին» և «Գազային վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների նախագծերը հավանություն են ստացել հանրային քննարկման ներկայացնելու համար։ Համապատասխան որոշումներն ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ պրոֆիլային նախարար Վալենտին Տատարիցկին։

Ատրակցիոնների վերաբերյալ տեխկանոնակարգի փոփոխությունները կապված են համապատասխանության գնահատման տիպային սխեմաների հիման վրա համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի հաստատման հետ:

Ինչ վերաբերում է գազային վառելիքով ապարատներին առնչվող տեխկանոնակարգին, ապա փոփոխությունների էությունն այն է, որ ներքին տարածություններում և փակ տարածքներում օգտագործելու համար նախատեսված սարքավորումները պետք է հագեցած լինեն չայրված գազի կուտակումը կանխող սարքով:

Խորհրդատվական կոմիտեն առաջարկել է ԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկման ուղարկել «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նոր խմբագրումը, ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում ենթակարանտինային արտադրանքին և ենթակարանտինային օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև Միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական վերահսկողության (հսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի փոփոխությունների նախագիծը:

Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ երկրներում ներպետական համաձայնեցման արդյունքների հիման վրա նախապատրաստված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխկանոնակարգի N 4 փոփոխությունների նախագիծը և ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքները Միություն ներմուծելու կարգի փոփոխությունների նախագիծը՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների վրա գործողությունը տարածելու մասով։ Որոշվել է շարունակել աշխատանքը այս փաստաթղթերի նախագծերի շուրջ, որից հետո դրանք կուղարկվեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստին։

Խորհրդատվական կոմիտեն արդիականացրել է Միության տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) ոլորտի աշխատանքները համակարգող ենթահանձնաժողովի կազմը՝ հաշվի առնելով անդամ պետությունների լիազոր մարմինների առաջարկները։