Նորություններ

01.01.2024

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմինների նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Նախագահության շրջանակներում նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մոսկվայում, որը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության 10-ամյակին, 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստեր, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին՝ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության գերակա ուղղությունների վերաբերյալ:

Տեղեկանք

ԵԱՏՄ պայմանագրին համապատասխան, նախագահությունը Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում իրականացվում է ռոտացիոն հիմունքներով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։