ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանում քննարկվել են սահմանների հատման արագացմանն ու դյուրացմանը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի զարգացմանը և ներդաշնակեցմանն առնչվող առանցքային ասպեկտները։ Ժնևում կայացած միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը, որը նաև մասնակցել է «2030 թվականին ներքին տրանսպորտի հատվածում հաջող գործողությունները և մարտահրավերները» թեմայով նախարարական խորհրդաժողովին։
Ռուսլան Դավիդովը խոսել է սահմանների հատման դյուրացման և տարանցիկ ներուժի զարգացման փորձի և Եվրասիական տնտեսական միությունում այդ ուղղությամբ իրականացվող հեռանկարային նախագծերի մասին:
Նա ներկայացրել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ մասնակից երկրների ղեկավարների կողմից ստորագրված Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը՝ նշելով, որ Համաձայնագրին կարող են միանալ եվրասիական «հնգյակի» կազմում չընդգրկված երկրները։
«Փաստաթղթի նորմերը նախատեսում են տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի օգտագործում բոլոր մասնակից երկրների տարածքով փոխադրումներ կատարելիս, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ԱՏԳ մասնակիցների ժամանակային և ֆինանսական ծախսերը», — ասել է Ռուսլան Դավիդովը:
Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների ներդրմանը և տարանցիկ փոխադրումների ֆինանսական երաշխիքների արդյունավետ գործիք հանդիսացող երաշխավորության ինստիտուտի զարգացմանը։ Շեշտը դրվել է նաև ԵԱՏՄ-ում անցակետերի կահավորման սարքավորման պահանջների ստեղծման աշխատանքների և դրանցում թվային տեխնոլոգիաների ներդրման լավագույն պրակտիկաների վրա։
«Անցակետի հիմնական տարրը պետք է լինի դրա միասնական տեղեկատվական համակարգը, որում ինտեգրված կլինեն իրերի ինտերնետի, մեծ տվյալների և արհեստական բանականության օգտագործման վրա հիմնված բեկումնային տեխնոլոգիաներ, — նշել է Ռուսլան Դավիդովը։ — Սա կնպաստի ԵԱՏՄ սահմանով ապրանքների, տրանսպորտային միջոցների և ֆիզիկական անձանց անցումն արագացնելուն՝ միաժամանակ բարձրացնելով պետական վերահսկողության արդյունավետությունը»։