Նորություններ

19.04.2023

Սերգեյ Գլազև. «Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ին ինտեգրումն ուժեղացնելու համար»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող 2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի նախագահության գերակայությունների մասին խորհրդարանական լսումների ընթացքում, որոնք անցկացվել են ապրիլի 18-ին Միությունների Տան Օկտյաբրսկի դահլիճում՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախաձեռնությամբ։

Սերգեյ Գլազևը ներկայացրել է ԵԱՏՄ-ում առկա իրավիճակի մանրամասն վերլուծությունը՝ նշելով անցած ժամանակահատվածի ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնալով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի և Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման խնդրահարույց հարցերին:

«Արձագանքը արտաքին ցնցումներին՝ համավարակին, հակաբելոռուսական և հակառուսական պատժամիջոցներին, ինտեգրման տեսանկյունից դրական ազդեցություն են ունեցել։ 2022 թվականին փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2021 թվականի համեմատ աճել է 14%-ով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ մեկ երրորդով։ Այսինքն՝ որքան վատ է իրավիճակը դրսում, այնքան ավելի շատ են ինտեգրման ամրապնդման և փոխադարձ առևտրի ընդլայնման, մրցակցային առավելությունների համատեղման, արտաքին ցնցումներին հարմարվելու համար միասնական տնտեսական տարածքի օգտագործման խթանները, - ընդգծել է Սերգեյ Գլազևը։ - Ապրանաշրջանառությունն աճել է և 2022 թվականին կազմել մոտ մեկ տրիլիոն դոլար, իսկ ներմուծումը վերադարձել է մինչհամավարակային մակարդակին»։

Բացի այդ, տեղի է ունեցել առևտրի կառուցվածքի հիմնարար փոփոխություն, հավելել է ԵՏՀ նախարարը։ Կտրուկ կրճատվել է Եվրոպական միության դերը, միաժամանակ նկատվում է արևելյան և հարավային գործընկերների հետ առևտրի սրընթաց աճ։ 

«Չինաստանը դարձել է մեր հիմնական առևտրային գործընկերը, որի հետ առևտրաշրջանառության ծավալը մոտեցել է 220 միլիարդ դոլարին, Հնդկաստանի հետ մասնաբաժինը եռապատկվել է, Իրանի հետ առևտրի մասնաբաժինը կտրուկ աճել է, ավելի քան երկու անգամ ավելացել է Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը», - նշել է Սերգեյ Գլազևը։

ԵՏՀ նախարարը հատուկ ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության գերակայությունների լույսի ներքո Միության ապագա ռազմավարական զարգացման շարժիչ ուժը պետք է դառնա համատեղ կոոպերացիան և ներդրումները, ինչպես նաև ԵԱՏՄ ներսում գիտատեխնիկական և նորարարատեխնոլոգիական ներուժի համախմբումը։ Անհրաժեշտ է ստեղծել Միության տնտեսության զարգացման ռազմավարական կառավարման համակարգ՝ ներառյալ գիտատեխնոլոգիական զարգացման երկարաժամկետ կանխատեսումների, համատեղ ծրագրերի և ներդրումային նախագծերի մշակումը։ Սերգեյ Գլազևն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի զարգացման բյուջեի ձևավորմանը։

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ, կոմիտեների նախագահներ, պատգամավորներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների և Դաշնության սուբյեկտների ղեկավարներ, Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական կորպուսի, գիտական համայնքի ներկայացուցիչներ։