Դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրոբուս» միջպետական ծրագրի նախագծի մշակմանը։ Փաստաթուղթը պատրաստվել է Բելառուսի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև էլեկտրամոբիլաշինության ոլորտի նախագծեր ձևավորելիս և իրականացնելիս կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին Հանձնաժողովի սույն տարվա փետրվարի 15-ի հանձնարարականը զարգացնելու նպատակով:
«Միջպետական ծրագրի հիմնական նպատակն է բավարարել էլեկտրոբուսների միութենական շուկայի կարիքները մեր Միությունում արտադրվող բարձր տեղայնացված արտադրանքի մասով»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արդիականացնել սարքավորումները և ստեղծել էլեկտրոբուսների համար հանգույցների և ագրեգատների սերիական արտադրությունը, մեծացնել նման բաղադրիչների արտադրության ծավալները:
Անհրաժեշտ է նաև ուժեղացնել էլեկտրոբուսների սարքավորումների և բաղադրիչների եվրասիական մատակարարների իրավասությունը, բարձրացնել նրանց համար ենթաբաղադրիչների արտադրության տեղայնացման մակարդակը։ Մյուս կարևոր խնդիրներից են էլեկտրոբուսների արտադրության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական իրավասությունների զարգացումը, բաղադրիչների արժեքի ներմուծման բաղադրիչի կրճատումը:
Բելոռուսական և ռուսական հետևյալ ձեռնարկությունները հաստատել են իրենց մասնակցությունը Միջպետական ծրագրի նախագծի մշակմանը և իրականացմանը. «ՈՒԿԽ Բելկոմունմաշ» ԲԲԸ, Բելառուսի ԳԱԱ մեքենաշինության միավորված ինստիտուտը, «ՄԱԶ» ԲԲԸ (Բելառուսի Հանրապետություն), «Կամազ» ՀԲԸ, «Ռոսատոմ» ՊԿ (Ռուսաստանի Դաշնություն): Սրանք միայն այն առանցքային կազմակերպություններն են, որոնց հետ այս կամ այն ձևով քննարկվել է միջպետական ծրագիր մշակելու գաղափարը։