Մարտի 31-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովի նախագահությամբ ավարտվել է նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի 17-րդ նիստը, որին մասնակցել են եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների ներկայացուցիչները։ Քննարկվել են ԵՏՀ-ի կողմից անդամ պետությունների հետ համատեղ պատրաստված փաստաթղթերի հիմնական նախագծերը, որոնք կարգավորում են ԵԱՏՄ նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաները։
Բացելով միջոցառումը՝ ԵՏՀ նախարարը դիմել է խորհրդատվական կոմիտեի անդամներին՝ առաջարկելով արագացնել այդ փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը` կապված դրանք Հանձնաժողովի մարմինների քննարկմանը ժամանակին ներկայացնելու անհրաժեշտության հետ:
«Ներկայումս մեր առաջնահերթ խնդիրն է կանոնակարգել Միության գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հիմնարար խնդիրները և ավարտել համապատասխան միջազգային պայմանագրերի նախապատրաստումը», - նշել է Տեմիրբեկ Ասանբեկովը։
Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ-ի նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին պայմանագրի նախագծի չկարգավորված դրույթները, որը պարունակում է նաև ԵԱՏՄ պետությունների տարածքներում տեղակայված համակարգերով նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայություններին մուտքի միասնական կանոնները։
Քննարկվել են նավթի միջպետական փոխադրման, խողովակաշարեր մուտքի տեխնիկական հնարավորության և հերթականության որոշման, մուտքի պայմանների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հարցերը։
Բացի այդ, Խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են ակտերի նախագծերը, որոնք վերաբերում են գազի ոլորտին, մասնավորապես, ԵԱՏՄ պետությունների տարածքներում տեղակայված համակարգերով նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայություններին մուտքի միասնական կանոններին և ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում գազի բորսայական աճուրդների իրականացման կարգին։
Միևնույն ժամանակ, կողմերը գործնականում համաձայնեցրել են անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգեր մուտք գործելու միասնական կանոնները, որոնք կարգավորում են հարաբերությունները գազի փոխադրման համակարգերի օպերատորների և գազի փոխադրման ծառայությունների սպառողների միջև Միության ընդհանուր գազի շուկայում:
Բանակցությունների ընթացքում հանդիպման մասնակիցներին հաջողվել է կոնսենսուսի հասնել քննարկվող ակտերի նախագծերի մի շարք չկարգավորված դրույթների շուրջ։
Միաժամանակ մնում են մի շարք հիմնարար տարաձայնություններ, որոնք որոշվել է ներկայացնել ԵԱՏՄ պետությունների էներգետիկայի նախարարների քննարկմանը ապրիլին նախատեսված խորհրդակցության ժամանակ։