Նորություններ

30.09.2024

Էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտուրը թույլ կտա օպտիմալ կերպով օգտագործել Միության երկրների միջև մատակարարումների հնարավորությունները

Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում, կայացել է «Էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի դեպքում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մասնակիցների հեռանկարներն ու առավելությունները» կլոր սեղան եվրասիական «հնգյակի» երկրների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների տեղակալների և էլեկտրաէներգետիկ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Նիստի մասնակիցները հատուկ անդրադարձել են էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայական գնագոյացման մեխանիզմներին: Քննարկվել են բորսայական մեխանիզմները, շուկայի մասնակիցների համար ոչ խտրական պայմանների ապահովումը, ազգային արժույթների օգտագործման հեռանկարները և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի պոտենցիալ մասնակիցների ակնկալիքները։

Առանձին քննարկվել են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպումը և առևտուր իրականացնելիս էլեկտրոնային թվային ստորագրությունների, այդ թվում՝ Միության պետություններում տրամադրված ստորագրությունների կիրառման մեխանիզմները:

«Էներգակիրների գների համաշխարհային կոնյունկտուրայի աճի պայմաններում էլեկտրական էներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու մասին եվրասիական «հնգյակի» երկրների որոշումը ռացիոնալ լուծում է էլեկտրաէներգիայի հավասարակշռված գներ և սակագներ ունենալու և ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների աճի դրական դինամիկա ստանալու համար։ Ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Նախարարը նաև ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտուրը, որը էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասնակիցների համար ոչ խտրական պայմաններ կապահովի, թույլ կտա օպտիմալ կերպով օգտագործել միջպետական էլեկտրահաղորդման գծերով Միության երկրների միջև էլեկտրաէներգիայի մատակարարումների առկա հնարավորությունները գեներացնող հզորությունների պակասուրդի նվազեցման և ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալների ավելացման համար։