Նորություններ

09.12.2022 (Обновлено: 14.12.2022 15:57)

Հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2023 թվականի հիմնական ուղղությունները

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2023 թվականի հիմնական ուղղությունները։

Ինչպես նշվում է փաստաթղթում, 2023 թվականին ԵԱՏՄ-ի համար առաջնահերթություն կլինեն ԱՊՀ պետությունների և մերձավոր արտերկրի այլ երկրների հետ փոխգործակցության ակտիվացումը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ԱՍԵԱՆ), Եվրոպական միության (ԵՄ), ԲՐԻԿՍ երկրների և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այլ շահագրգիռ պետությունների և ընկերակցությունների հետ համակարգված երկխոսության զարգացումը Մեծ Եվրասիական Գործընկերության գաղափարի համատեքստում, աջակցությունը ԵԱՏՄ երկրների արտահանման ներուժի իրագործմանը, այդ թվում՝ նոր շուկաներ մուտք գործելու և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու միջոցով։

Բացի այդ, 2023 թվականի առաջնահերթությունների թվում է փոփոխվող գլոբալ տնտեսության պայմաններում բիզնեսի համար նոր հնարավորությունների որոնումը, աջակցությունը բիզնեսին տրանսպորտալոգիստիկ շղթաների խախտումների և միջազգային առևտրում ֆինանսական հաշվարկների սահմանափակումների հետ կապված խոչընդոտների հաղթահարման գործում: 

Միության հիմնական ջանքերը կենտրոնացած կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ կնքված հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում։ Սրան է նվիրված փաստաթղթի առաջին բաժինը:

Միջազգային կազմակերպությունների թվում այստեղ նշվում են Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), այդ թվում՝ նրա տարածաշրջանային հանձնաժողովները, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլն, տարածաշրջանային միավորումներից են ԱՊՀ Գործադիր կոմիտեն, ՇՀԿ, ԱՍԵԱՆ-ը, Աֆրիկյան միությունը և այլն։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, ապա առաջնահերթություն կլինի համագործակցությունը ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների հետ, Չինաստանի հետ՝ Առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ՝ արտոնյալ առևտրային համաձայնագրերին համապատասխան։

Փաստաթղթի երկրորդ մասում ներկայացվում են այն հնարավոր գործընկերները, որոնց հետ շփումների զարգացմանն է ձգտում Միությունը: Դրանց թվում են ԵԱՏՄ-ի հետ համակարգային փոխգործակցության խորացման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող տարածաշրջանային միավորումներն ու երրորդ պետությունները։

Տեղեկանք

ԵԱՏՄ միջազգային գործունեությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի № 99 որոշմամբ: Նշված Կարգի 5-րդ կետին համապատասխան ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։

2022 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ ԵՏՀ-ն կնքել է 46 հուշագիր միջազգային կազմակերպությունների հետ, 27 հուշագիր երրորդ երկրների կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների հետ, 14 հուշագիր տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ, 7 առևտրային համաձայնագիր երրորդ երկրների հետ։