Նորություններ

24.11.2023

ԵԱՏՄ-ում տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ արտադրողների համար ընդլայնվել են դրանց գազով աշխատող շարժիչներով հանդերձման հնարավորությունները

Նոյեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» և «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում։

Փոփոխությունները պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից նախաձեռնության կարգով՝ գազը գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և ինքնագնաց մեքենաների լայն անվանացանկի համար որպես շարժիչային վառելիք օգտագործելու հնարավորության ապահովման նպատակով և ստացել են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հավանությունը։

Անդամ պետությունների ձեռնարկությունները յուրացրել են սարքավորումների անվանացանկը և տեխնիկական լուծումները, որոնք թույլ կտան ապահովել հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) որպես շարժիչային վառելիք օգտագործող գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը:

Ներկայումս գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների տեխնիկական կանոնակարգը նախատեսում է անվտանգության պարտադիր պահանջներ գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող տրակտորների, ինչպես նաև այդպիսի տրակտորների շարժիչները հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) և սեղմված բնական գազով (ՍԲԳ) սնուցող բաղադրիչների նկատմամբ:

Այս տեխկանոնակարգի փոփոխությունները նախատեսում են դրա պահանջների տարածում տրակտորային շարժիչները նաև հեղուկ բնական գազով (ՀԲԳ) սնուցող սարքավորումների և նման սարքավորումներով հանդերձված տրակտորային տեխնիկայի վրա:

Մեքենաների և սարքավորումների տեխկանոնակարգի փոփոխությունները նախատեսում են ինքնագնաց մեքենաների վրա գազանման վառելիք (ՍԲԳ, ՀԲԳ կամ ԳԱՀ) օգտագործող շարժիչները սնուցող սարքավորումներ տեղադրելու հնարավորություն:

Գազաբալոնային սարքավորումների նկատմամբ կրկնակի կարգավորումը բացառելու համար փոփոխություններ են կատարվել «Ավելորդ ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգում, որոնք նախատեսում են դրա կիրառման ոլորտից գազաբալոնային սարքավորումները և ինքնագնաց մեքենաների, գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների վրա օգտագործելու համար հատուկ մշակված տարրերը հանելը։

Նշված տեխկանոնակարգերի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փոփոխություններ կատարելու մասին ԵՏՀ խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 360 օրացուցային օրը լրանալուց հետո:

Տեղեկանք

«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 010/2011) ընդունվել է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի № 823 որոշմամբ և ուժի մեջ մտել 2013 թվականի փետրվարի 15-ից։

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 031/2012) ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հուլիսի 20-ի № 60 որոշմամբ և ուժի մեջ մտել 2015 թվականի փետրվարի 15-ից:

«Ավելորդ ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 032/2013) ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի № 41 որոշմամբ և ուժի մեջ մտել 2014 թվականի փետրվարի 1-ից: