ԵԱՏՄ երկրների՝ շաքարի ճակնդեղի ընտրասերման և սերմնաբուծության վերաբերյալ համատեղ կրթական դասընթացի իրականացման արդյունքներն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գյուղատնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։
Նախագծում ներգրավված էին Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության 4 ագրարային բուհի դասախոսներ: Ավելի քան 150 ունկնդիր համակարգային գիտելիքներ է ստացել՝ սկսած մշակաբույսի մշակման տեխնոլոգիայից մինչև գենոտիպերի անհատական գենետիկական անձնագրերի կառուցումը և Եվրասիական տնտեսական միության երկրներում հարցի իրավական կարգավորումը։ Կրթական հաստատությունների հետ մեկտեղ ուսանողների ուսուցմանը ակտիվ մասնակցել են ոլորտային բիզնեսի, գիտության և ընկերակցությունների ներկայացուցիչներ։
Իրական հատվածի և գիտական շրջանակների ներգրավվածության շնորհիվ «Շաքարի ճակնդեղի ընտրասերում և սերմնաբուծություն» դասընթացի 18 ուսանող ստացել է առաջադեմ և համակարգաստեղծ ձեռնարկությունների հիման վրա գործնական նախապատրաստման հնարավորություն։
Այս կրթական նախագիծը հինգերորդն է 2021 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի ագրարային կրթությունը վերահսկող մարմինների կողմից արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի նախապատրաստման ոլորտում ԵԱՏՄ երկրների փոխգործակցության զարգացման մասին հուշագիրը ստորագրելուց հետո:
Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում 19 առաջատար բուհի դասախոսները իրենց լավագույն փորձն և կուտակած գիտելիքներն են ներկայացրել ավելի քան 850 ուսանողի: Հաջողությամբ իրականացվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի արդիական թեմաներով համատեղ կրթական դասընթացներ։
Մասնավորապես, ընթացիկ ուսումնական տարում շաքարի ճակնդեղի ընտրասերման և սերմնաբուծության նախագծին զուգահեռ անցկացվել են եվրասիական ուսումնական ինտենսիվներ փակ ջրամատակարարման կայանքներում ձկների արժեքավոր տեսակների աճեցման, ինչպես նաև արդյունաբերական թռչնաբուծության և թռչունների ընտրասերման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման հեռանկարների վերաբերյալ:
Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի 14 կրթական կազմակերպության փորձառու ուսուցիչները 335 աշակերտի ծանոթացրել են ձկնաբուծության տեխնոլոգիական առանձնահատկություններին, ընտրասերման և տոհմային աշխատանքին, ինչպես նաև ակվամշակույթի ոլորտի թվային տեխնոլոգիաներին:
Թռչնաբուծության վերաբերյալ եվրասիական դասընթացի իրականացմանը ներգրավվել է անդամ պետությունների 10 առաջատար կրթական և գիտական կենտրոն։ Դասընթացի ունկնդիր են դարձել ավելի քան 220 ուսանող, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության ագրարային ոլորտի փորձագետներ։ Նախագծի ընթացքում տեղի է ունեցել գյուղատնտեսական թռչունների արտադրողականության բարձրացմանն ուղղված նորարարական տեխնոլոգիաների ոլորտի փորձի և նվաճումների փոխանակում, ներառյալ ընտրասերման մոլեկուլային գենետիկական մեթոդները, թռչնաբուծության արտադրանքի, ներառյալ օրգանականը, արտադրության տնտեսական արդյունավետությունը, թռչնաբուծությունում թվային ծառայությունների կիրառումը։
«ԵԱՏՄ երկրներում առկա են և՛ գիտական մշակումներ, և՛ առաջադեմ ձեռնարկություններ, և՛ տաղանդավոր երիտասարդներ, և՛ գրագետ ուսուցիչներ, որոնք պատրաստ են փոխանցել իրենց կուտակած գիտելիքները։ Համատեղ կրթական դասընթացների իրականացումը մեզ տալիս է այս առանցքային բաղադրիչները միավորելու և սիներգետիկ էֆեկտ ստանալու եզակի հնարավորություն: Կարծում եմ, այսօր մենք կարևոր քայլ ենք կատարում ագրոարդյունաբերական համալիրի արդյունավետ գործունեության ապահովման համար որակյալ մասնագետների նախապատրաստման ուղղությամբ»,– նշել է Արմեն Հարությունյանը։Համատեղ նախագծերի մասնակիցները վերահաստատել են ԵԱՏՄ-ում ձևավորված գործընկերության համակարգի ամրապնդման և գյուղատնտեսության զարգացման այլ արդիական թեմաներով եվրասիական կրթական դասընթացներ կազմակերպելիս համագործակցության հաջող փորձի տարածման իրենց մտադրությունները: