Նորություններ

26.03.2024

ԵԱՏՄ-ում մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը տրված խաղալիքների համապատասխանության հավաստագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է խաղալիքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության միասնական տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։ Փոփոխությունները սահմանում են համապատասխանության գնահատման մանրամասն ընթացակարգեր:

Սահմանվել է ԵԱՏՄ մաքսային տարածքում խաղալիքները մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը* տրված թույլատրական փաստաթղթերով՝ համապատասխանության հավաստագրերով շրջանառության մեջ դնելու հնարավորությունը, որոնք ուժի մեջ են մինչև այդ հավաստագրերի գործողության ժամկետի ավարտը։

Նման խաղալիքների շրջանառությունը թույլատրվում է դրանց պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում:

Նման հնարավորության սահմանումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, քանի որ արտադրողների, արտադրողի կողմից լիազորված անձանց և խաղալիք վաճառողների (մատակարարների) համար ապահովվում է «փափուկ» անցում համապատասխանության գնահատման նորացված ընթացակարգերին:

Տեղեկանք

*Խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի № 5 որոշմամբ ընդունված տեխկանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը։