Նորություններ

16.02.2023

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտնում տեխկանոնակարգերի պահանջների պահպանման հսկողության մասին համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 24-ից։

Փաստաթուղթը սահմանում է տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) մարմինների և հավատարմագրման իրականացման լիազորված մարմինների միջև ոչ անվտանգ արտադրանքի և համապատասխանության գնահատման մասին անհիմն տրամադրված փաստաթղթերի նկատմամբ նրանց կողմից միջոցներ ձեռնարկելիս
փոխգործակցության միասնական սկզբունքները: Համաձայնագրի իրականացումը նախատեսում է ինչպես Միության նոր ակտերի մշակում, այնպես էլ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում:

Համաձայնագիրը նախատեսում է՝

- պետական վերահսկողության մարմինների և հավատարմագրման մարմինների փոխգործակցության մեխանիզմների ստեղծում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրների միջև՝ շուկայում ոչ անվտանգ արտադրանքը հայտնաբերելու և դուրս բերելու, ինչպես նաև համապատասխանության գնահատման մասին անհիմն տրված փաստաթղթերի կասեցման կամ դադարեցման մասին որոշումների օպերատիվ կայացման նպատակով: Նշված մեխանիզմների իրականացման համար կմշակվի Հավատարմագրման մարմինների հետ պետական վերահսկողության մարմինների փոխգործակցության կարգը.

- ԵԱՏՄ անդամ պետության պետական վերահսկողության մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքներով ձեռնարկված միջոցի հետ անհամաձայնության վերաբերյալ մեկ այլ անդամ պետության դիմումը Հանձնաժողովի կողմից քննարկելու կարգի սահմանում: Փաստաթուղթը կսահմանի նման բողոք ներկայացնելու և քննարկելու կանոնները, ինչպես նաև ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանձնարարականների մասին որոշում կայացնելու կարգը:

Միության նշված ակտերը կընդունվեն Հանձնաժողովի Խորհրդի կողմից։

Համաձայնագիրը նախատեսում է նաև անապահով արտադրանքի վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում, որը կապահովի պետական վերահսկողության մարմինների և հավատարմագրման մարմինների միջև ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակում։

Համաձայնագրի իրականացումը կբարձրացնի տեխկանոնակարգերի պարտադիր պահանջների պահպանման պետական վերահսկողության ոլորտում ԵԱՏՄ երկրների ինտեգրման մակարդակը: Միաժամանակ կնվազեն առևտրում միակողմանի անհիմն արգելքներ սահմանելու դեպքերը։


Տեղեկանք

Համաձայնագիրը նախապատրաստելիս հիմնական սկզբունքներն էին շուկայի սուբյեկտների բարեխղճության կանխավարկածը, սպառողների իրավունքների պաշտպանության ապահովումը, պետական վերահսկողության համակարգված իրականացումը, պետական վերահսկողության մարմինների անկախությունն արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և սպառողներից, նախքան պատիժը իրավախախտումը կանխելու գերակայությունը: