Նորություններ

11.10.2022

Եվրասիական ցանցային համալսարանն ընդգրկել է Ղազախստանի և Ռուսաստանի ևս չորս բուհ

Եվրասիական ցանցային համալսարանի (ԵՑՀ) համակարգող խորհրդի երրորդ նիստում որոշում է կայացվել ԵՑՀ-ի կազմում ընդգրկել ևս չորս բուհ՝ Ղազախստանի Կասպյան համալսարանը և Ալմաթի Մենեջմնենտ համալսարանը, ինչպես նաև Ռուսաստանի Մոսկվայի Ն.Ե. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը: Այժմ գիտակրթական կոնսորցիումը ներառում է 19 բուհ։ Հոկտեմբերի 7-ին «Ինտեգրում» եվրասիական գործարար համաժողովի շրջանակներում անցած նիստին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։

Խորհրդակցության մասնակիցները հաստատել են ԵՑՀ համակարգող խորհրդի մասին հիմնադրույթը, որը ստեղծվել է ԵՑՀ զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը որոշելու համար: Համակարգող խորհուրդը մշտապես գործող կոլեգիալ մարմին է, որի կազմում ընդգրկված է ԵՑՀ ստեղծման մասին հուշագիր ստորագրած յուրաքանչյուր համալսարանի մեկական ներկայացուցիչ: Հաստատվել են նաև ԵՑՀ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնադրույթները և 2022-2023 թվականների աշխատանքային պլանը։

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է Եվրասիական ցանցային համալսարանի գործարկման աշխատանքի բարձր դինամիկան և ընդգծել դրա դերը ԵԱՏՄ-ում գիտատեխնիկական համագործակցության ուղեկցման գործում։

«Բարձր որակավորում ունեցող կադրերի նախապատրաստումն անհրաժեշտ պայման է ԵԱՏՄ նորարարական զարգացման համար, - ընդգծել է Սերգեյ Գլազևը։ - Եվրասիական ցանցային համալսարանի առջև դրված խնդիրներից է կրթական ծրագրերի մերձեցումն այն մասնագիտությունների գծով, որոնք առավել պահանջված են միասնական տնտեսական տարածքում»։ 


Տեղեկանք

Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է ԵԱՏՄ երկրների առաջատար բուհերի ռեկտորների կողմից մայիսի 25-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵՑՀ նպատակն է կրթության ոլորտում առանց խոչընդոտների միջավայրի փուլային ձևավորումը։ Նախատեսվում է, որ ԵՑՀ-ն զբաղվելու է որակավորված կադրերի նախապատրաստմամբ՝ օգտագործելով հեռակա կրթական տեխնոլոգիաները, գիտական հետազոտությունների ու մշակումների կազմակերպմամբ, եվրասիական ինտեգրման արժեքների ոգով երիտասարդների անձնային աճի խթանմամբ և այլ ուղղություններով:

Եվրասիական ցանցային համալսարանը ձևավորվել է որպես գիտակրթական կոնսորցիում առանց իրավաբանական անձի կազմավորման։ ԵՑՀ կառուցվածքային ստորաբաժանումները ամրագրված են հուշագրի մասնակից հանդիսացող կոնկրետ բուհերին:

ԵՑՀ համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական կառավարման համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ստրոևը։