Նորություններ

15.07.2024

Հանձնաժողովում քննարկել են էլեկտրոնային առևտրի հայտարարագրի լրացման կարգը

Հուլիսի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միությունում էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստը։

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են ապրանքներ ստացող ֆիզիկական անձի մասին տեղեկությունների, առևտրային հարթակի անվանման մասին տեղեկատվության նշման հետ կապված հարցեր: Քննարկվել է նաև բիզնեսը նոր կանոններին հարմարեցնելու համար նման տեղեկությունների վերաբերյալ անցումային դրույթներ սահմանելու անհրաժեշտությունը:

«Շարունակվել է Հանձնաժողովի էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգին և ձևին առնչվող որոշման նախագծի քննարկումը: Փաստաթուղթն ունի պատրաստության բարձր աստիճան։ Մնում է քննարկել առանձին կետային հարցեր», – նշել է Գրիգոր Օհանյանը։

Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոստի օպերատորներ և էքսպրես փոխադրողներ:

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ստորագրվել է Միության մաքսային օրենսգրքում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

Էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից և գործում է 2018 թվականից: