Նորություններ

05.04.2024

Վահագն Ղազարյան. «Միությունը և Հանձնաժողովը կոնկրետ քայլեր են ձեռնարկում առևտրի գործընթացները թվայնացնելու ուղղությամբ»

Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը՝ ելույթ ունենալով «Թվայնացման զարգացումն առաջընթացի ճանապարհին. աջակցություն ինստիտուցիոնալ նախաձեռնություններին» նստաշրջանում՝ Առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ համաժողովի (APTFF) շրջանակներում, որը տեղի է ունեցել ապրիլի 2-ին Սամարղանդում (Ուզբեկստան) ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) հովանու ներքո:

«Միությունում առևտրի գործընթացների թվայնացման առանցքային ուղղություններն են նույնականացման միջոցներով ապրանքների մակնշումը, արտաքին և ներքին էլեկտրոնային առևտրի զարգացումը, բիզնեսի և պետական մարմինների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կիրառումը ոչ սակագնային կարգավորման շրջանակներում», — ասել է նա։
Վահագն Ղազարյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հիմնական շեշտադրումն ուղղված է ինչպես ինտեգրացիոն միավորման ներսում, այնպես էլ երրորդ երկրների գործընկերների հետ առևտրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Նստաշրջանի շրջանակներում, որին մասնակցել է ԵՏՀ վարչության տնօրենը, քննարկվել են նորարարությունները և թվայնացման մշակմամբ և աջակցմամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությունները մատակարարումների կայուն շղթաներում թվային տեխնոլոգիաների ներդրման և հետագա խթանման համար:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Համաշխարհային փոստային միության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ինստիտուտի (CAREC Institute), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ և այլք:

Առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով Ասիա-Խաղաղօվկիանոսյան համաժողովը առաջատար տարածաշրջանային հարթակ է առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում առաջադեմ փորձի և գիտելիքների փոխանակման համար: