Նորություններ

20.11.2024

Վալենտին Տատարիցկի. «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ և ՇՀԿ փոխգործակցությունը նոր հնարավորություններ է բացում միջտարածաշրջանային երկխոսության համար»

Նոյեմբերի 20-22-ին Սամարղանդում Ուզբեկստանի Հանրապետության նախաձեռնությամբ անցկացվող ՇՀԿ մասնակից երկրների սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների խորհրդակցական հանդիպման ընթացքում քննարկվում են սպառողների իրավունքների պաշտպանության արդիական հարցեր և Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջև ոլորտային փոխգործակցության խորացման ուղիները։

Ողջույնի խոսքով հանդիպման մասնակիցներին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։ Նա կարևորել է Ուզբեկստանի՝ որպես Միությանը կից դիտորդ պետության նախաձեռնությունը և ընդգծել ԵԱՏՄ և ՇՀԿ երկրների միջև փոխգործակցության դրական փորձն ու ավանդույթները։

«Խորհրդակցական հանդիպումը կարևոր քայլ է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գլոբալ համագործակցության զարգացման գործում։ Այն միջազգային փոխգործակցության նոր հեռանկարներ է ստեղծում՝ միավորելով այս ուղղությամբ ԵԱՏՄ և ՇՀԿ երկրների ներուժը»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Հանդիպման կազմակերպիչն է Ուզբեկստանի սպառողների իրավունքների պաշտպանության ընկերությունների դաշնությունը՝ ՇՀԿ Ժողովրդական դիվանագիտության կենտրոնի և Մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։

Հանդիպման ընթացքում ԵՏՀ ներկայացուցիչները ներկայացնում են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ պետությունների միջազգային համագործակցության փորձը, մասնակցում են արդիական հարցերի քննարկմանը, ներառյալ անդրսահմանային վեճերի լուծումը և էլեկտրոնային առևտրում և զբոսաշրջությունում սպառողների իրավունքների պաշտպանությանը:

Միջոցառման շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԵՏՀ և Ուզբեկստանի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որոնք նվիրված են Հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացմանը, որն ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին Երևանում։

ԵԱՏՄ և ՇՀԿ հետևողականորեն խորացնում են փոխգործակցությունը: ԵՏՀ և ՇՀԿ քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին։