Նորություններ

25.05.2023

ԵԱՏՄ մաքսային ոլորտում կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների զարգացումը

Եվրասիական տնտեսական միությունում մաքսային համագործակցության զարգացման հեռանկարները, մաքսային գործում հեռանկարային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, բիզնեսի, քաղաքացիների և պետական մարմինների փոխգործակցության համար առավել հարմարավետ միջավայրի ստեղծման, անդրսահմանային առևտրի արագացման և պարզեցման նպատակով թվային գործիքների և հարթակների օգտագործման հարցերը քննարկվել են «Ժամանակակից մարտահրավերներ և նոր գործընկերություններ. ինչպե՞ս կզարգանա մաքսային կարգավորումը ԵԱՏՄ-ում» թեմատիկ նստաշրջանում 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Ես մաքսային կարգավորումը կանվանեի եվրասիական ինտեգրման առանցքային տարր, — ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը: — Ուստի շատ կարևոր է մեր ինտեգրացիոն տարածքում վստահության տարածք ստեղծել մաքսային ոլորտում։ Միմյանց պետք է վստահեն ոչ միայն պետական վերահսկիչ մարմինները, այլև բիզնեսը պետք է վստահությամբ վերաբերվի Միության երկրների բոլոր մարմիններին։ Դա հնարավոր է միայն մաքսային վարչարարությունում թվային լուծումների և ընթացակարգերի ակտիվ ներդրմամբ»։

Նիստի մոդերատոր, Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը քննարկումը զարգացրել է այս ուղղությամբ: Նա, մասնավորապես, նշել է. «Մաքսային վարչարարությունը հետագայում ևս պետք է կատարելագործվի թվային մաքսային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչպիսիք են էլեկտրոնային կապարակնիքները, ապրանքների հետագծելիության և մակնշման, էլեկտրոնային առևտրի զարգացման համակարգերը։ Բոլոր երկրները միակարծիք են, որ այս հարցերը պետք է ավելի զարգացնել»։

Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտալոգիստիկ շղթաների խախտումների հետ կապված խոչընդոտների հաղթահարման գործում անդրեվրասիական լոգիստիկայի զարգացմանը: Նրանք նաև միաձայն կարծիք են հայտնել մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության գործառնությունների միասնականացման, ստանդարտացման, էլեկտրոնային առևտրի ինստիտուտի զարգացման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման ուղղությամբ հետագա աշխատանքների անհրաժեշտության մասին։

«Մենք անհնարին ենք համարում մաքսային վարչարարության կատարելագործումն առանց թվայնացման, մեր ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերի։ Արդյունավետ համագործակցությունը հնարավոր չէ առանց համապատասխան էլեկտրոնային հարթակների, որոնք թույլ են տալիս տեղեկատվություն փոխանակել։ Ինչպես մաքսային, այնպես էլ հարկային ոլորտում պետք է լինի աննկատ վարչարարություն, բայց միևնույն ժամանակ բավականին արդյունավետ վերահսկողություն է պետք, քանի որ ապրանքային հոսքերը, տարանցումը մեր երկրների տարածքով գնալով ավելանում է», — նշել է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։