Նորություններ

17.11.2023 (Обновлено: 27.11.2023 10:00)

Վիկտոր Նազարենկո․«ԽԱԺ վիրուսի ներմուծումը և տարածումն ազդում է պետությունների պարենային անվտանգության վրա, ինչպես նաև էապես սահմանափակում նրանց արտահանման ներուժը»

Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն՝ բացելով «Խոզերի աֆրիկյան ժանտախտը որպես գլոբալ սպառնալիք. Միջազգային ջանքերը և գիտությունը ԽԱԺ-ի դեմ պայքարում» թեմայով սեմինարը», որը կազմակերպվել է նոյեմբերի 16-ին Մոսկվայում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության հետ համատեղ:

«Շատ կարևոր է, որ այս սեմինարի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը և գիտելիքները հետագայում կկիրառվեն ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող նոր նորմատիվ փաստաթղթերի մշակման և գործողների կատարելագործման գործում, - նշել է ԵՏՀ նախարարը։ - Այս հիվանդության բռնկումների վերացմանն ուղղված ջանքերի միավորումը՝ հաշվի առնելով ԿԱՀԿ-ի հանձնարարականները և համաշխարհային փորձը, թույլ կտա նվազագույնի հասցնել փոխադարձ առևտրի սահմանափակումները և կնպաստի Միության անդամ պետությունների արտահանման ներուժի մեծացմանը»:

Սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել նաև Մոսկվայում ԿԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչը։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել քննարկվող հարցի արդիականությանը և նշել, որ ԽԱԺ-ն կարող է հսկայական վնաս հասցնել խոզաբուծությանը, և աշխարհի 66 երկիր այս կամ այն չափով արդեն բախվել է այս գլոբալ խնդրին։

Զարգացնելով թեման՝ սեմինարի մոդերատոր, ԿԱՀԿ Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Մերեկե Թայտուբաևը կարևորել է ԽԱԺ դեպքերի մասին տեղեկատվության ուղարկումը ԿԱՀԿ-ի Կենդանիների առողջության մասին տեղեկատվության համաշխարհային համակարգ (WAHIS), քանի որ այս հիվանդությունը լուրջ սպառնալիք է համաշխարհային գյուղատնտեսության և առևտրի համար։

Սեմինարին որպես բանախոսներ մասնակցել են ԿԱՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի առաջատար գիտնականներ՝ Ժան Պերշեն (ԿԱՀԿ), Ալբերտո Լադոմադան (DG SANTE EC), Դենիս Կոլբասովը (Ռուսաստան), Խոսե Մանուել Սանչես-Վիսկաինոն (Իսպանիա), Ալեքսեյ Իգոլկինը (Ռուսաստան), Սանդրա Բլոմը (ԿԱՀԿ):

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են աշխարհում խոզերի աֆրիկյան ժանտախտի առկա էպիզոոտիկ իրավիճակին, դրա տարածման միտումներին, այս հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ժամանակակից մեթոդներին, ԽԱԺ վիրուսի կենսաբանական հատկությունների ուսումնասիրության և գնահատման հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև այն բարդություններին, որոնց արդեն տասնամյակներ շարունակ բախվում են այս նենգ վիրուսի դեմ պատվաստանյութ մշակողները: Նրանք ընդգծել են, որ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութի ստեղծմամբ հսկայական բեկում կկատարվի այս հատկապես վտանգավոր հիվանդության դեմ պայքարում։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության լիազոր մարմինները ներկայացրել են իրենց փորձը ԽԱԺ կանխարգելման գործում, որն, անշուշտ, օգտակար կլինի ԵԱՏՄ այլ պետությունների անասնաբույժ մասնագետներին իրենց պետությունների տարածք այս հիվանդության ներմուծումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ պլանավորելիս:

Սեմինարի աշխատանքներին մասնակցել են ԵՏՀ-ի աշխատակիցներ, ԿԱՀԿ-ի ներկայացուցիչներ և փորձագետներ, Եվրասիական տնտեսական միության բոլոր պետությունների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների, ինչպես նաև նրանց առաջատար ենթակա ինստիտուտների և լաբորատորիաների պաշտոնյաներ և փորձագետներ: 

Միջոցառման հյուրերն ու մասնակիցներն էին մի շարք եվրոպական երկրների, Կուբայի և Թաիլանդի մոսկովյան դեսպանատների, Մոսկվայում Եվրոպական միության ներկայացուցչության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աշխատակիցները, ինչը վկայում է սեմինարի թեմայի արդիականության և օտարերկրյա մասնագետների կողմից սեմինարի դրա նկատմամբ մեծ հետաքրքրության մասին:

Հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն են առաջացրել կենդանի և ռեկոմբինանտ պատվաստանյութերի մշակմանը, ստեղծմանը և կիրառմանը, դրանց արդյունավետությանը և անվտանգությանը, ինչպես նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային նախագծերի իրականացմանն առնչվող գիտագործնական հարցեր: Ունենալով բարդ կառուցվածք, մեծ քանակությամբ պաշտպանվածության աստիճաններ և բարձրագույն դիմադրողականություն՝ վիրուսը շարունակում է ակտիվորեն ուսումնասիրվել աշխարհի առաջատար գիտական լաբորատորիաների կողմից։

Տեղեկանք

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) հանդիսանում է միջկառավարական կազմակերպություն, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում կենդանիների առողջության համար։ Ճանաչվել է ԱՀԿ-ի ռեֆերենտ կազմակերպություն։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը (ԽԱԺ) խոզերի խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է տենդով, մաշկի ցիանոզով և ներքին օրգանների լայնածավալ արյունազեղումներով: Առավել հաճախ այս հիվանդությունն ընթանում է սուր ձևով՝ մինչև 100% մահացու ելքով: