Նորություններ

18.03.2022 (Обновлено: 28.03.2022 15:58)

Միության երկրների գյուղատնտեսության փոխնախարարները քննարկել են օրգանական արտադրանքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի շրջանառության հարցերը

Մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ կայացել են Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդատվություններ։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Խոսքը վերաբերվել է այդ թվում օրգանական արտադրության համապատասխանության սերտիֆիկատի փոխադարձ ճանաչմանը և երրորդ երկրներից ԵԱՏՄ օրգանական արտադրանքի ներմուծումը կարգավորելու նկատմամբ ընդհանուր մոտեցումներին։

«Այսօրվա դրությամբ Միության երկրները Հանձնաժողովի հետ համատեղ ձեռք են բերել մի շարք փոխզիջումներ, ինչը թույլ կտա արագացնել ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագծի լրամշակումը և այս տարի կատարել մեր երկրների կառավարությունների ղեկավարների հանձնարարությունը։ Այդ փաստաթղթի ընդունումն ապահովելու է Միությունում օրգանական արտադրանքի ազատ շրջանառությունը, ինչպես նաև պայմաններ է ստեղծելու ագրոարդյունաբերական արտադրության առավել հեռանկարային և բարձր շահութաբերությամբ հատվածներից մեկում արտադրողների համագործակցության համար», – ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։

Կողմերը նաև քննարկել են գենային ինժեներական նյութ պարունակող գյուղատնտեսական բույսերի սերմերի ներմուծման և շրջանառության կարգավորման հայեցակարգային հարցերը, ինչն անհրաժեշտ է Միության շուկաներում շրջանառության և երրորդ երկրներ արտահանելու ժամանակ ԱԱՀ-ի արտադրանքի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման համար։

ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի մեջ համապատասխան փոփոխությունների նախապատրաստումը կշարունակվի փորձագետների մակարդակով։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի փոխնախարար Վլադիմիր Գարկունը, Ղազախստանի Հանրապետության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի փոխնախագահ Կուանիշ Ելիկբաևը․ Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ազամատ Մուկաշևը․ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն և որակի Ռուսաստանյան համակարգի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։