Նորություններ

21.11.2023

Ավարտվում է Ղրղզստանի Հանրապետության սահմանին անցակետերի մաքսային ենթակառուցվածքի համալիր արդիականացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները և Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր ներկայացուցիչները՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, նոյեմբերի 13-ից 17-ը կատարել են Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին գտնվող «Կայրագաչ», «Կարամիկ» և «Բոր-Դոբո» ավտոմոբիլային անցակետերի մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորման և տեխնիկական հագեցվածության մշտադիտարկում:

Մշտադիտարկման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքների վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևը և Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ալմազ Սալիևը ստորագրել են հաշվետվություն, որում նշվում է, որ այդ անցակետերի մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորման ու նյութատեխնիկական հագեցվածության միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով։

«Ղրղզստանը մոտ է Միությանն անդամակցելու շրջանակներում անցակետերի արդիականացման վերաբերյալ ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը,- նշել է Դանիյար Իմանալիևը։ - Մենք համոզվեցինք, որ արդիականացման շրջանակներում կառուցվել են մաքսային ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ, անցակետերը հագեցված են ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով, մաքսային ծառայության աշխատակիցներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ և պատրաստ են կատարել իրենց խնդիրները։ Կատարված արդիականացումը կնպաստի առևտրի և տարանցիկ ներուժի զարգացմանը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար սահմաններով ապրանքների տեղափոխման առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը և միևնույն ժամանակ կապահովի մաքսային հսկողության պատշաճ մակարդակ»: 

Դանիյար Իմանալիևը նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվել են արդիականացման ավարտի, ամենօրյա գործունեության հետագա ապահովման և անցակետերի մաքսային ենթակառուցվածքի հետագա կատարելագործման ծրագրերը։

Նշվել են Ղրղզստանի Հանրապետության մաքսային ծառայության ջանքերը՝ նոր ենթակառուցվածքի արդյունավետ օգտագործման ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք հեռանկարային խնդիրների իրականացման շրջանակներում։ Դրանց թվում են պաշտպանված կապուղիներով սահմանի բոլոր վերահսկող մարմինների միջև ավտոմատացված տեղեկատվական փոխգործակցության ներդրումը, անցումը էլեկտրոնային ձևով ապրանքաուղեկից փաստաթղթերի օգտագործմանը,. մաքսային հսկողության տեխնիկական միջոցների միացումը Ղրղզստանի Հանրապետության Մաքսային ծառայության միասնական ավտոմատացված համակարգին: