Նորություններ

12.09.2023

Անդրեյ Սլեպնևը ԱՏՀ-ում խոսել է ԵԱՏՄ կլիմայական օրակարգի և Մոնղոլիայի հետ համագործակցության հեռանկարների մասին

Կլիմայական նախագծերի գնահատման համատեղ չափանիշների մշակումը թույլ կտա որոշել փոխշահավետ համագործակցության կոնկրետ ոլորտներ և ուղղություններ, ինչպես նաև պայմաններ կստեղծի նման նախագծերի՝ ածխածնային միավորների արդյունքների ազատ շրջանառության համար: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողով-2023-ի շրջանակներում կայացած «ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի կլիմայական օրակարգ. դեպի ընդհանուր նպատակներ» նստաշրջանի ընթացքում:

«Մենք ԵԱՏՄ-ում ստեղծել ենք եվրասիական տաքսոնոմիա, որը թույլ է տալիս հավասարապես գնահատել նախագծերը դրանց կայուն ֆինանսավորման տեսանկյունից, ապահովել համապատասխան հարթակների և բորսաների հասանելիությունը։ Այժմ ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը ՉԺՀ-ի հետ։ Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք ԵԱՏՄ-Չինաստան համատեղ տաքսոնոմիա», — ասել է նա։

Եթե մենք խոսում ենք բուն ածխածնային միավորների ազատ շրջանառության մասին, ապա կարևոր է մշակել մեր սեփական նախագծային մեթոդաբանություններ, որոնք կարող էին համակցվել երրորդ երկրների նմանատիպ ստանդարտների հետ, որոնք նկարագրում են կլիմայական նախագծերի չափանիշները: Այս առնչությամբ հարց է դրվում այնպիսի ստանդարտների ստեղծման մասին, որոնք կկիրառվեն միջպետական մակարդակում, օրինակ՝ ԱՊՀ շրջանակներում՝ ընդլայնվելով մինչև ՇՀԿ-ի ձևաչափը։ 

«Աշխատելով ՇՀԿ-ի ռեժիմով՝ մենք արդեն մոտենում ենք այնպիսի կրիտիկական զանգվածի, երբ մեր կարգավորումը դառնում է իսկապես միջազգային, այն համակցվում է նաև եվրոպական կարգավորման հետ և կարող է դառնալ կառավարվող հարթակ, որը թույլ կտա պաշտպանել մեր շահերը », — վստահություն է հայտնել Անդրեյ Սլեպնևը։

Բացի այդ, ԵՏՀ նախարարն անդնադարձել է տարբեր ոլորտային ուղղություններին աջակցելու հարցը, որտեղ ընկերություններն իրենք պատրաստ են առաջ շարժվել կլիմայական օրակարգի իրականացման շրջանակներում։ Մասնավորապես, տրանսպորտում կարևոր կլիներ ձեռք բերել այնպիսի կարգավորում, որը թույլ կտա երկաթուղային փոխադրումները հավաստագրել որպես «կանաչ»: 

«Որպեսզի հասկանալի լինի ածխածնային հետքը փոխադրման ընթացքում, ենթադրենք, Չինաստանից Եվրոպա կամ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրելիս: Որովհետև այս ածխածնային հետքն առաջիկայում կսկսի հաշվի առնվել ցանկացած արտադրանքի համար արտաքին շուկաների հասանելիության նպատակների համար։ Եվ ով առաջինը կստեղծի այնպիսի համակարգ, որին կվստահեն միջազգային մակարդակով, որը ստուգված կլինի, նա էլ կդառնա մրցակցության առաջատարը», — պարզաբանել է Անդրեյ Սլեպնևը։ Խոսքը միջազգային կոոպերացիայի և արդյունքների փոխադարձ ճանաչման, վստահության արժանի ենթակառուցվածքի ձևավորման մասին է։

Նախարարն անդրադարձել է նաև ածխածնային օրակարգի առևտրային ասպեկտներին, որտեղ հիմնական դերը կատարում է ածխածնի գինը, որը տարբեր երկրներում զգալիորեն տարբերվում է։ Նրա կարծիքով, առևտրային խոչընդոտներից խուսափելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել, թե ինչպես ձևավորել ածխածնի այս գինը և արդյունքում այն ինպիսին կլինի։

Ելույթ ունենալով «Ռուսաստան-Մոնղոլիա» բիզնես երկխոսության ընթացքում՝ Անդրեյ Սլեպնևը հիշեցրել է, որ Մոնղոլիան արտաքին ուղու վրա ԵԱՏՄ աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է։ Միևնույն ժամանակ, Միությունում գործընկերները չեն կարող չմտահոգվել, որ չնայած փոխադարձ ապրանքաշրջանառության մինչև 3 մլրդ դոլար աճին, նկատվում է էական առևտրի անհավասարակշռություն։ «Մենք ելնում ենք նրանից, որ մոնղոլական ապրանքները բավականաչափ ներկայացված չեն մեր շուկայում։ Այս իրավիճակը շտկման կարիք ունի», — ընդգծել է նախարարը։

Խոսելով, մասնավորապես, մոնղոլական մսի մատակարարումների խնդիրների մասին՝ Անդրեյ Սլեպնևը նշել է, որ պատմականորեն անասնաբուժական խնդիրներն այստեղ նոր չեն, սակայն խորհրդային տարիներին դրանք հաջողությամբ լուծվում էին: Ներկայումս, ըստ փորձագիտական գնահատականների, ԵԱՏՄ-ն ևս ի վիճակի է կարճաժամկետ կտրվածքով ավելացնել մոնղոլական մսի գնումները մինչև 50 հազար տոննա։ Ընդ որում, խոսքն այնպիսի պրեմիալ դիրքերի մասին է, ինչպիսիք են ԽԵԱ միսը, ձիու, ոչխարի միսը, որոնց մասով Միությունում ներքին շուկայում հաշվեկշռի դեֆիցիտ է նկատվում։ «Հեռանկարային է նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, որոնք թույլ են տալիս ապահովել արտադրանքի մշակում և վերահսկել էպիզոոտիկ իրավիճակը», — ասել է Անդրեյ Սլեպնևը:

Նմանատիպ լուծումներ կարող են առաջանալ նաև թեթև արդյունաբերության ապրանքների մատակարարման իրավիճակում։ Այս առնչությամբ ԵՏՀ առևտրի նախարարը հայտնել է, որ համաձայն Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հեռանկարների ուսումնասիրության՝ մի շարք սակագների պարզ զրոյացման էֆեկտը կապահովի դեպի ԵԱՏՄ մոնղոլական ապրանքների հոսքի ավելացում՝ մոտ 50-70 մլն դոլար գումարի չափով:

«Իսկ եթե մենք իսկապես կառուցենք լիարժեք համագործակցություն համատեղ նախագծերի հիման վրա, միասնական ճանապարհային քարտեզի հիման վրա, ապա բոլորովին այլ կարգի հետևանքներ կլինեն։ Մենք հաշվարկել ենք, որ առաջիկա երկու-երեք տարում այն կկազմի 230-250 մլն դոլար։ Բայց դա հասցեական աշխատանք է պահանջում՝ և՛ թեթև արդյունաբերությունում, և՛ գյուղատնտեսությունում, և «Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան» միջանցքով տարանցման ոլորտում: ԵՏՀ-ն, իր հերթին, պատրաստ է նման աշխատանքի», — եզրափակել է Անդրեյ Սլեպնևը:

Բացի այդ, Անդրեյ Սլեպնևը հանդիպել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգի հետ։ Միջոցառման ընթացքում նախարարը պատասխանել է ԵԱՏՄ-ում գործող ընկերություններից ստացված հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտում ԵՏՀ ծրագրերին։ ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին Լուսանկարը՝ Ռոսկոնգրես