Նորություններ

06.10.2023

Արմեն Հարությունյանը խոսել է ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացման մասին

Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը Ռուսաստանի «Ոսկե աշուն» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի հարթակում Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված «Օրգանական արտադրանքի արտադրության զարգացման ռազմավարություն» պանելային քննարկման շրջանակում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման մասին։


ԵՏՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Միության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են համապատասխան ճանապարհային քարտեզ, որը ներառում է ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրի մշակումը։ Այս համաձայնագիրը կսահմանի օրգանական արտադրանքի ազատ տեղաշարժի սկզբունքները, ինչպես նաև երրորդ երկրներից ԵԱՏՄ ընդհանուր շուկա նման արտադրանքի ներմուծման կարգավորման մոտեցումները, օրգանական արտադրանքի արտադրության, հավաստագրման և մակնշման միասնական պահանջները, օրգանական արտադրանքի շրջանառության ոլորտում տեղեկատվական համակարգի և դրա վիճակագրական հաշվառումը վարելու ընդհանուր հարաչափերը:

Համաձայնագրի նախագիծը մշակվել է ԵՏՀ-ի կողմից անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ, և դրա դրույթները համապատասխանում են Կոդեքս Ալիմենտարիուսի «Օրգանական սննդամթերքի արտադրության, վերամշակման, մակնշման և իրացման ուղեցույց» CAC/GL 32-1999 ընդհանուր նպատակներին և պահանջներին: Ներկայումս ավարտվում է համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը, և մոտ ապագայում փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման։

Արմեն Հարությունյանը նշել է Միության պետություններում օրգանական արտադրության զարգացման բարձր դինամիկան, որը համապատասխանում է համաշխարհային միտումներին։ Այս առումով անհրաժեշտ են խրախուսական միջոցներ, որոնք կապահովեն անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որը կներառի հավաստագրման մարմինների զարգացած ցանց, էլեկտրոնային ռեսուրսներ արտադրողների կարիքների համար:

«Ակնհայտ է, որ Միությունը օրգանական արտադրանքի արտադրությունն ավելացնելու ներուժ ունի, և դրա վրա մենք պետք է աշխատենք օրգանական գյուղատնտեսության զարգացման համալիր պետական քաղաքականության շրջանակներում։ ԵԱՏՄ շրջանակներում միասնական շուկայի ստեղծումը լրացուցիչ խթան կհաղորդի Միության օրգանական հատվածի զարգացմանը», - ընդգծել է ԵՏՀ ներկայացուցիչը։

ԵՏՀ վարչության տնօրենը խոսել է Հանձնաժողովի փորձագետների կողմից պատրաստված Օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցության միջազգային փորձի ակնարկի մասին, որը պարունակում է տեղեկատվություն օրգանական արտադրանքի գլոբալ շուկայի միտումների և հեռանկարների, առաջատար արտադրող երկրներում և ԵԱՏՄ անդամ պետություններում ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին, ինչպես նաև հանձնարարականներ Միության երկրներին գյուղատնտեսության այս հատվածին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Արմեն Հարությունյանը կարևորել է այս ոլորտում որակավորված կադրերի պատրաստումը և առաջարկել ԵԱՏՄ պետությունների համար օրգանական արտադրանքի արտադրության հարցերով համատեղ կրթական դասընթաց կազմակերպել՝ Արդյունաբերության և ԱԱՀ-ի համար կադրերի պատրաստման ոլորտում Միության երկրների փոխգործակցության զարգացման մասին 2021 թվականին ստորագրված հուշագրի շրջանակներում։

«Այսօր Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է, որ օրգանական արտադրանքի արտադրության զարգացմանն աջակցելու համար Ակնարկում առաջարկված մի շարք գործիքներ ներառված են ռազմավարական բնույթի ազգային փաստաթղթերում», - եզրափակել է Արմեն Հարությունյանը։