Նորություններ

28.07.2022

Արզիբեկ Կոժոշևը և Վիկտոր Կարանկևիչն ընդգծել են ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկաների գործունեության կանոնների նախապատրաստումն ավարտելու անհրաժեշտությունը

Հուլիսի 27-ին Բելառուսի ատոմային էլեկտրակայան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը բանակցել է Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչի հետ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցերի շուրջ:

«Կարևոր է փոխադարձ ընդունելի լուծումներ մշակել էներգաշուկաների ձևավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Դա թույլ կտա ապահովել ընդունվող փաստաթղթերի գործնական իրագործելիությունը և ընդհանուր շուկաները գործարկելու պատրաստակամությունը», – նշել է ԵՏՀ նախարարը:

Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ կողմերի չհամաձայնեցված հարցերի առկայությունը կաշկանդում է փաստաթղթերի ընդունումը և թույլ չի տալիս սահմանված ժամկետներում ապահովել ընդհանուր էներգաշուկաների գործարկումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել չհամաձայնեցված հարցերի կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ:

«Էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաների գործունեության հիմնարար նորմերի և կանոնների նախապատրաստումն արագ ավարտելու համար անհրաժեշտ եմ համարում կենտրոնանալ լիազորված մարմինների դիրքորոշումների մերձեցման և կոնսենսուսի հասնելու վրա», - ընդգծել է նա: 
ԵՏՀ նախարարը նաև հավելել է, որ չկարգավորված հարցերի վերաբերյալ լուծումների որոնումը կշարունակվի ավելի բարձր մակարդակով՝ անդամ պետությունների կառավարությունների միջև:

Հանդիպման արդյունքում Արզիբեկ Կոժոշևը Վիկտոր Կարանկևիչին հրավիրել է ընթացիկ տարվա օգոստոսին անձնական մասնակցություն ունենալ միության երկրների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցություններին՝ հույս հայտնելով, որ նախատեսված բանակցությունները կառուցողական ընթացք կունենան և թույլ կտան գտնել բոլոր մասնակիցների համար ընդունելի լուծումներ: 

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ էներգետիկ շուկաները պետք է գործարկվեն 2025 թվականից։ Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել այս տարվա ընթացքում։