Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը «Հնդկական էներգետիկական շաբաթ - 2024» միջազգային համաժողովի ընթացքում, որն անցնում է փետրվարի 6-ից 9-ը Փանաջիում (Գոա, Հնդկաստանի Հանրապետություն), ներկայացրել է Էներգառեսուրսների ոլորտում եվրասիական ինտեգրման հեռանկարները:
ԵՏՀ նախարարը համաժողովում ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությունը և նրա մշտական գործող կարգավորող մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Նա հակիրճ անդրադարձել է համաշխարհային էներգետիկայի ոլորտում առկա իրավիճակին և Միության էներգետիկ ոլորտի վրա դրա ազդեցությանը, ինչպես նաև ծանոթացրել համաժողովի մասնակիցներին էներգետիկայի ոլորտում ԵՏՀ-ի կողմից իրականացվող աշխատանքին՝ Միության էներգետիկական ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման մասով:
Արզիբեկ Կոժոշևն իր ելույթում նախանշել է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման իրավիճակը, էներգետիկայի ածխածնազերծման և ԵԱՏՄ շրջանակներում համատեղ ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։
«Էներգիայի վերականգնվող աղբյուրների, ցածր էմիսիոն (ատոմային և ջրածնային) էներգետիկայի զարգացումը, ինչպես նաև ածխածնային չեզոքության հասնելու և շրջակա միջավայրի պահպանության հարցերը ներառված են մեր առջև դրված խնդիրների ցանկում։ Ընդ որում, ԵԱՏՄ-ում առկա են բոլոր նախադրյալները նշված ուղղությունների իրականացման համար»,- կարծում է ԵՏՀ նախարարը։
Համաժողովի հարթակում Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության կառավարության նավթի և բնական գազի, բնակարանային տնտեսության և քաղաքային հարցերի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի հետ։ Հանդիպման ընթացքում ԵՏՀ նախարարին ներկայացվել են Հնդկաստանի ձեռքբերումները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում էներգետիկայի ոլորտի տարբերակման, կայուն տնտեսական զարգացմանը ձգտելու և այս գլոբալ նպատակի իրականացման առաջընթացի մասով:
«Հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի երրորդ խոշոր և առավել արագ աճող էներգետիկական շուկան է, ամենաարագ զարգացող խոշոր տնտեսությունը և նավթավերամշակման հզոր կենտրոնը, այս աշխատանքի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- ընդգծել է եվրասիական նախարարը։
Քննարկման ընթացքում կարևորվել է էներգիայի մաքուր աղբյուրների ոլորտի ծրագրերի համատեղ զարգացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել կլիմայական ռիսկերը մեր պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման համար։
ԵՏՀ նախարարը նաև նշել է, որ ժամանակակից տրանսպորտային հոսքերը տեղափոխվում են Հարավարևելյան Ասիա և Արևելք, գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ի հայտ են եկել տրանսպորտի զարգացման նոր հնարավորություններ, ինչը կապահովի ցամաքային և ծովային հաղորդակցությունների կայունությունը։
Հանդիպման արդյունքներով նախարարները հույս են հայտնել, որ էներգետիկայի ոլորտում Հնդկաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արդյունավետ համագործակցությունը հետագայում կզարգանա։ ԵՏՀ նախարարն իր հերթին իր գործընկերոջը հրավիրել է ամենամյա Եվրասիական տնտեսական համաժողովին։