Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների շուկաներին և տրանսպորտին առնչվող նախագծերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի անդամ Իգոր Պետրիշենկոն։ Հանդիպումը կայացել է նոյեմբերի 17-ին Մինսկում։
Արզիբեկ Կոժոշևը տեղեկացրել է վերահսկվող ուղղություններով կատարվող աշխատանքների մասին և տվյալներ ներկայացրել ԵԱՏՄ երկրների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման ճանապարհային քարտեզի նախագծի պատրաստման ընթացքի մասին։ Այս փաստաթուղթը կներառի 2024-2026 թվականների միջոցառումները: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային զարգացման հարցերին, մասնավորապես, Միության երկրների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեխանիզմի ստեղծմանը։
Կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի մասով։ Այսպես, ավելի վաղ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումներով հաստատվել էր Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոնների երեք նախագիծ։ Դրանք են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնները, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնները և միջպետական հատումների թողունակության որոշման և բաշխման կանոնները: Բացի այդ, սահմանվել են այն առևտրային հարթակները, որոնց հանձնարարվել է կազմակերպել էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտուր ժամկետային պայմանագրերով և օր առաջ:
«Չնայած որոշ դժվարություններին, ԵՏՀ համակարգող դերի պայմաններում և էներգետիկայի նախարարության ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց գտնել մի տարբերակ, որը կգոհացներ բոլոր կողմերին։ Ստորագրված փաստաթղթերը կծառայեն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի հետագա ձևավորմանը», – նշել է Իգոր Պետրիշենկոն։
ԵՏՀ նախարարն ընդգծել է էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաները կարգավորող ակտերի պատրաստման համար պլանային ժամկետների կատարման անհրաժեշտությունը։
«Կարող ենք արձանագրել ընդհանուր էներգետիկ շուկաների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միությունում մշակվող ակտերի բարձր աստիճանի պատրաստությունը։ Այնուամենայնիվ, կարևոր է կենտրոնանալ էներգետիկ շուկաների ձևավորման չհամաձայնեցված հարցերի շուրջ վերջնական որոշումներ ընդունելու վրա», – կարծում է Արզիբեկ Կոժոշևը։