Այս մասին սեպտեմբերի 28-ին Ալմաթիում (Ղազախստան)՝ Բարձր մակարդակի միջազգային կլոր սեղանի ընթացքում իր ելույթում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը։ Քննարկումը նվիրված էր կենսաթոշակային համակարգերի օպտիմալ և կայուն մոդելների որոնմանը, ինչպես նաև պարտադիր կուտակային և խառը համակարգերի զարգացման հեռանկարներին։
ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը կլոր սեղանի մասնակիցներին պատմել է 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի իրավակիրառ պրակտիկայի մասին։ Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները ներկայումս ակտիվորեն աշխատում են աշխատավորների կենսաթոշակային ապահովման ոլորտում փոխգործակցությունը էլեկտրոնային ձևաչափի վերածելու ուղղությամբ, որը կիրականացվի Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
«Այս աշխատանքի ավարտը զգալիորեն կպարզեցնի կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված բոլոր ընթացակարգերը, կապահովի տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակի պահպանումը, ինչպես նաև կկրճատի կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ քաղաքացիների դիմումների քննարկման ժամկետները», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը:
Միջոցառման ընթացքում կարևորվել է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման հարցերում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության զարգացումը։
«ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի դրական դինամիկան թելադրում է աշխատանքային և սոցիալական երաշխիքների իրականացման հարցերի առաջնահերթությունը,- հայտնել է ԵՏՀ նախարարը։ - Այս առումով սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովության հարցերը կարևոր դեր են կատարում ԵԱՏՄ երկրների միջև ինտեգրացիոն գործընթացներում»։
Ալմաթիում Բարձր մակարդակի միջազգային կլոր սեղանն անցկացվել է Ղազախստանի միասնական կուտակային կենսաթոշակային հիմնադրամի և Սոցիալական ապահովության միջազգային ընկերակցության հովանու ներքո։ Այն համընկել է Ղազախստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի 25-ամյակի տոնակատարության հետ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել փորձի և գիտելիքների փոխանակում Շվեյցարիայի, Չիլիի, Ավստրալիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Իսրայելի, Ուրուգվայի, Կանադայի, Իտալիայի և այլ երկրների փորձագետների, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Սոցիալական ապահովության միջազգային ընկերակցության, Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: