Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը փետրվարի 2-ին Ալմաթիում Digital Almaty 2024 ամենամյա համաժողովի լիագումար նիստում խոսեց թվային նախագծերի իրականացման, ՏՏ ենթակառուցվածքի ձևավորման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում տեղեկատվական անվտանգության մասին։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի խոսքով, թվայնացումը և նոր տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են բացում արտադրողականության բարելավման, բիզնես գործընթացների օպտիմալացման համար, ինչպես նաև բերում են ժամանակակից բիզնես մոդելների առաջացմանը և, ընդհանրապես, դրանց արդյունավետության բարձրացմանը։
Ներկայումս ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ապահովում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործունեությունը։ Վստահության անդրսահմանային տարածության շրջանակներում հաստատվել է G2G և B2G ձևաչափով փոխգործակցություն։ Աշխատանքներ են տարվում նաև անդրսահմանային B2B փոխգործակցության ապահովման ուղղությամբ:
«Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում արտացոլվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար թվային ծառայությունների առցանց հասանելիության պայմանների ստեղծմանն առնչվող դրույթներ: Միջնաժամկետ հեռանկարում ԵՏՀ-ն կկարողանա սկսել աշխատանքը «ԵԱՏՄ միջպետական ծառայություններ» ֆլագմանային նախագծի շուրջ:
«Այս ոլորտի առնչությամբ կարող եմ նշել, որ արդեն միջնաժամկետ հեռանկարում Հանձնաժողովը և անդամ պետություններն ունեն փորձնական նախագծի իրականացման ներուժ,- նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ - Մենք օպերատիվ կարգով կկազմակերպենք նախաձեռնության մշակման աշխատանքները»։
Բակիտժան Սագինտաևը նաև շեշտել է թվայնացման հակառակ կողմը՝ թվային անհավասարության աճը, որն իր հերթին կարող է անդրադառնալ չորս «ազատությունների»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի անարգել տեղաշարժի վրա։
«Հանձնաժողովը՝ որպես ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր կարգավորումն ապահովող մշտական մարմին, չի կարող պասիվ դեր ստանձնել, առավել ևս թվայնացումը զսպող որոշումներ ընդունել, - համոզված է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։ - Ընդհակառակը, Հանձնաժողովի խնդիրն է նորմատիվ և ենթակառուցվածքային ապահովման միջոցով նպաստել թվային անհավասարությունը հարթելու պայմանների ստեղծմանը, անսահմանափակ հնարավորություններ բացելով բիզնեսի զարգացման և վերափոխման, ծառայությունների որակի բարձրացման և քաղաքացիների կյանքի բարելավման համար»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում Հանձնաժողովը կներկայացնի իր տեսլականը, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։
Տեղեկանք
«Digital Almaty»-ն առանցքային հարթակներից մեկն է՝ գլոբալ և տարածաշրջանային թվային օրակարգի, ամբողջ աշխարհում թվայնացման ոլորտում մարտահրավերների, լուծումների և քաղաքականության ձևավորման և քննարկման համար:
2024 թվականին սպասվում է համաժողովի ավելի քան 50 հազար մասնակից, ցուցահանդեսի ավելի քան 300 մասնակից և ավելի քան 200 հրավիրված բանախոս։