Ինչպես ընդգծել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, մեծ տվյալների կիրառման հարցը տեխնիկական և գիտական առաջընթացի տրամաբանական օրինաչափություն է։
«Այսօր, հենվելով տնտեսական զարգացման երկարաժամկետ օրինաչափություններին, մենք սովորել ենք կանխատեսել ապագան, բայց սա ավելի շատ որակական կանխատեսում է, քան տնտեսամաթեմատիկական վերլուծություն: Մենք պետք է սովորենք աշխատել մեծ տվյալների հետ այնպես, որ դա լինի և՛ բովանդակալից ստուգում, և՛ խնդիրների առաջադրում, և՛ արդյունքների մեկնաբանում»,- ասել է Սերգեյ Գլազևը։
Սեմինարի մասնակիցները քննարկել են մեծ տվյալների օգտագործման հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են գների վիճակագրությունը, ֆինանսական վիճակագրությունը, ժողովրդագրական վիճակագրությունը, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մանրածախ առևտրի վիճակագրությունը: Կայացել է փորձի փոխանակում և հաջողված դեպքերի ներկայացում։
Միևնույն ժամանակ, սեմինարի մասնակիցները բազմիցս նշել են, որ պաշտոնական վիճակագրության նախապատրաստման համար այս սկզբունքորեն նոր տվյալների աղբյուրների առավելություններից օգտվելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լուծված կլինեն մեթոդաբանության, որակի, տեխնոլոգիաների, տվյալների հասանելիության, օրենսդրության, գաղտնիության, կառավարման, ֆինանսավորման և այլ հարցեր։ Բացի այդ, անհրաժեշտ է կատարել ծախսերի և արդյունքների պատշաճ վերլուծություն:
Սեմինարի մասնակիցները ցանկություն են հայտնել շարունակելու երկխոսությունը և կազմակերպելու մշտապես գործող հարթակ՝ պաշտոնական վիճակագրությունում մեծ տվյալների օգտագործման վերաբերյալ կարծիքների փոխանակման և միջազգային նախաձեռնությունների, օտարերկրյա լավագույն փորձի և տարածաշրջանի երկրների փորձի քննարկման համար: Նաև առաջարկվել է ստեղծել տարածաշրջանային հանգույց՝ պաշտոնական վիճակագրությունում մեծ տվյալների կիրառման ներուժի աճեցման համար, այդ թվում՝ Եվրասիական ցանցային համալսարանի հնարավորությունների օգտագործմամբ:
Սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ԱՊՀ ազգային վիճակագրական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների և գիտական համայնքի փորձագետներ, այդ թվում՝ Չինաստանից, Կորեայից, Ուզբեկստանից և այլ երկրներից:
Տեղեկանք
Մեծ տվյալները ի սկզբանե չհամակարգված տվյալներ են սոցիալ-տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի վերաբերյալ, որոնք ստեղծվել են տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հիման վրա՝ պաշտոնական վիճակագրությունից դուրս:
Մեծ տվյալները բնութագրվում են այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են տեղեկատվության մեծ ծավալը, տեղեկատվության փոփոխության բարձր արագությունը, տվյալների բազմազանությունը և տարասեռությունը:
Մեծ տվյալների աղբյուրներն են GPS նավիգատորները, տեսահսկման խցիկները, արբանյակային տվյալները, բջջային հեռախոսները, էլեկտրոնային առևտուրը, բանկային քարտերը, սոցիալական ցանցերը, համացանցային հարցումները որոնման համակարգերում, էլեկտրոնային հաղորդագրությունները, օգտատիրոջ տեղանքի քարտեզները և այլն:
Մեծ տվյալների աղբյուրների ներուժը դրանցից ժամանակին, երբեմն՝ իրական ժամանակում, տվյալների մեծ զանգվածներ ստանալու հնարավորությունն է, որոնք սովորաբար ստեղծվում են նվազագույն ծախսերով: