Նորություններ

09.04.2024

ԵԱՏՄ-ն և Մյանմարը զարգացնում են առևտրատնտեսական համագործակցությունը

Եվրասիական տնտեսական միության պետությունների և Մյանմարի Միության Հանրապետության միջև համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի մասնակիցները: Միջոցառումն անցկացվել է ապրիլի 9-ին Նայպիդո քաղաքում՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի և Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի համանախագահությամբ։

Սերգեյ Գլազևը նշել է ԵԱՏՄ երկրների և Մյանմարի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական դինամիկան և կարևորել Մյանմարի և Միության յուրաքանչյուր երկրի միջև երկխոսության ակտիվացումը։

«Առանցքային ուղղություն պետք է դառնա աշխատանքը ԵԱՏՄ բոլոր երկրների շուկաների հետ, որոնք դեռ ամբողջությամբ չեն ներառված Մյանմարի հետ առևտրատնտեսական համագործակցության համակարգում։ Անհրաժեշտ է մեր համատեղ աշխատանքներին ավելի ակտիվ ներգրավել գործարար շրջանակներին, աշխատել խոչընդոտների վերացման ուղղությամբ»,- ասել է Սերգեյ Գլազևը։
Կան Զոն իր հերթին նշել է ԵԱՏՄ երկրների և Մյանմարի միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը և դրական է գնահատել կողմերի աշխատանքը 2023 թվականի հունիսին ստորագրված Փոխգործակցության մասին հուշագրի իրականացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, ֆինանսների, տրանսպորտի և լոգիստիկայի, էներգետիկայի, թվայնացման ոլորտում համագործակցության հեռանկարները, զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության տնտեսական ասպեկտները և գործարար շրջանակների գծով համագործակցությունը։ Բանախոսներն էին ԵՏՀ պրոֆիլային վարչությունների և Մյանմարի գերատեսչությունների ներկայացուցիչներ, բիզնեսի, այդ թվում՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի ներկայացուցիչներ։

«Վստահ եմ, որ բիզնեսի ոլորտում շփումների հաշվին մենք կբարելավենք առևտրատնտեսական հնարավորությունները։ Մյանմարն աշխարհագրորեն շահեկան դիրք ունի՝ այն սահմանակից է այնպիսի տնտեսապես հզոր երկրներին, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, և իրենից ներկայացնում է Հարավարևելյան Ասիան և եվրասիական շուկան կապող կամուրջ։ Կցանկանայինք նաև ԵԱՏՄ երկրների գործարարներին առաջարկել օգտվել այս առավելությունից»,- նշել է Կան Զոն։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Սերգեյ Գլազևը նշել է, որ գործարար շրջանակների գծով ուղղակի, լայնածավալ և շարունակական համագործակցության հաստատումը թույլ կտա ակտիվացնել Մյանմարի և Միության պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը։ ԵՏՀ նախարարը հրավիրել է Մյանմարի գործարարներին և պետության պաշտոնյաներին մասնակցելու Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում նախատեսված ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ գործարար երկխոսությանը։

Բացի այդ, Սերգեյ Գլազևը բիզնեսին առաջարկել է քննարկել շինարարության, տրանսպորտային կապերի ոլորտում համագործակցության զարգացման, ԵԱՏՄ պետությունների և Մյանմարի ազգային արժույթներով հաշվարկների համար պայմանների ստեղծման հնարավորությունը։ Բիզնեսի առաջարկով այս և այլ հարցեր կքննարկվեն ԵՏՀ և Մյանմարի կառավարության աշխատանքային խմբի հարթակում որպես առանցքային հարցեր։ Նա նաև աջակցել է առևտրի տների ստեղծման վերաբերյալ բիզնեսի գաղափարին, որը թույլ կտա մեծացնել ապրանքների մատակարարումները։

Համատեղ աշխատանքային խմբի նիստին նախորդել է «ԵԱՏՄ-Մյանմար» տնտեսական սեմինարը, որի ընթացքում Սերգեյ Գլազևը ելույթ է ունեցել Մյանմարի պաշտոնական, գործարար և փորձագիտական շրջանակների առջև՝ ընդլայնված ներկայացնելով եվրասիական ինտեգրացիոն նախագիծը՝ շեշտը դնելով ԵԱՏՄ-ի որպես Մեծ Եվրասիայի տնտեսական կենտրոններից մեկի ձևավորմանը:

Սերգեյ Գլազևը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Մյանմարի կառավարության անդամների՝ փոխվարչապետներ՝ արտաքին գործերի նախարար Թան Սվեյի, տրանսպորտի և կապի նախարար Մյա Տհուն Ուի, պլանավորման և ֆինանսների նախարար Վին Շեյնի, ինչպես նաև ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի, գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարար Մին Նաունի, հյուրանոցների և զբոսաշրջության գործերով նախարար Թե Թե Կհայնի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ երկրների և Մյանմարի միջև տնտեսական օրակարգի լայն շրջանակով համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները։

Բացի այդ, աշխատանքային հանդիպում է կայացել ԵՏՀ պատվիրակության և Մյանմարի առևտրաարդյունաբերական պալատների միության նախագահ Ու Այ Վինի միջև։ Նշվել է գործընկերների շահագրգռվածությունը ԵԱՏՄ Գործարար խորհրդի և նրա անդամների հետ համակարգային փոխգործակցության հաստատման, ինչպես նաև կանոնավոր աշխատանքային շփումների հարցում։