Սերգեյ Գլազևը նշել է, որ Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի ամենամերձավոր գործընկերն է թե՛ առևտրատնտեսական համագործակցության մասշտաբով, թե՛ փոխգործակցության որակի և խորության տեսանկյունից։
«Համատեղ ջանքերի արդյունքները՝ այն հնարավորությունների օգտագործմամբ, որոնք Ուզբեկստանին տալիս է ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակը, չուշացան. մենք աճ ենք արձանագրում առևտրատնտեսական փոխգործակցության բոլոր ցուցանիշներում։ ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի՝ որպես առևտրային գործընկերների փոխադարձ կարևորությունն անընդհատ աճում է, և ԵԱՏՄ-ի ձևավորումից ի վեր Միության երկրների ապրանքաշրջանառությունը Ուզբեկստանի հետ կրկնապատկվել է։ Անցյալ տարի այն գերազանցեց 11 միլիարդ դոլարը»,- ընդգծել է Սերգեյ Գլազևը։
«Ուզբեկստանի համար ԵԱՏՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերն է։ Գոհունակությամբ նշում եմ բանավեճի արդյունավետությունն ու բովանդակալից լինելը, որը նպաստեց Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ուղղված Ուզբեկստանի ղեկավարի նախաձեռնությունների իրականացմանը և Ուզբեկստանի և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական շփումների ընդլայնման այն խնդիրների լուծմանը, որոնք Ուզբեկստանի կառավարությունն առաջադրում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի օգտագործման շրջանակներում»,- իր հերթին ասել է Բադրիդին Աբիդովը։
Նիստի մասնակիցները քննարկել են տեխնիկական կարգավրման նորմերի ներդաշնակեցման և առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մոտեցումները, մաքսային կարգավորման և բեռների փոխադրման հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերը, արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ միջոցառումների իրականացումը, տրանսպորտային միջանցքների զարգացման, երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման և արագացման միջոցները, ԵԱՏՄ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության գործարար համայնքների միջև գործարար ակտիվության խտանման առաջարկները և այլ հարցեր։
ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը նշել է ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության համատեղ ծրագրերի կատարման բարձր աստիճանը։
«Ծրագրով նախատեսված 108 միջոցառումներից 70%-ը կատարվել է։ Ո՛չ համաճարակաբանական սահմանափակումները, ո՛չ էլ այլ գործոններ էական ազդեցություն չեն ունեցել մեր համատեղ աշխատանքի արդյունավետության վրա»,- նշել է Գոհար Բարսեղյանը։
Աշխատանքային խմբի նիստի նախօրեին Հանձնաժողովը թեմատիկ սեմինարներ է անցկացրել Ուզբեկստանի ներկայացուցիչների համար, որոնց ընթացքում նրանք կարողացել են տեղեկատվություն ստանալ ԵԱՏՄ մարմինների լիազորությունների, Միությունում ինտեգրման ընթացիկ մակարդակի, ԵԱՏՄ երկրների միջև փոխադրվող և երրորդ երկրներից Միության տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմի, ինչպես նաև ԵՏՀ իրավասությանը վերապահված մաքսային վարչարարության հարցերի մասին։
Քննարկման արդյունքում աշխատանքային խումբն առաջարկներ է մշակել ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության առաջանցիկ ապահովման վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվել է շարունակել ոլորտային խորհրդատվությունների և սեմինարների, ինչպես նաև համատեղ միջոցառումների անցկացումն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսային համագործակցության ոլորտի հետագա ներդաշնակեցումը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական նորմերը և կարգավորման համակարգերը, մրցակցությունը և պետական գնումները, փոխգործակցությունը «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծին Ուզբեկստանի մասնակցության հարցերով, բեռների տրանսպորտային փոխադրումների թվայնացման ԵԱՏՄ նախագծին Ուզբեկստանի մասնակցության հնարավորության մշակումը, քիմիական արդյունաբերության, դեղագործության, մեքենաշինության, սարքաշինության, էլեկտրատեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև ագրոարդյունաբերական կոոպերացիայի բնագավառում կոոպերացիոն շփումների և տեղայնացման խորացման ծրագրերի խթանումը։
Աշխատանքային խումբը ԵԱՏՄ Գործարար խորհրդին և Ուզբեկստանի ԱԱՊ-ին (Առևտրաարդյունաբերական պալատին) խորհուրդ է տվել ձևայնացնել համագործակցությունը և անցնել համատեղ բիզնես առաքելությունների կազմակերպմանը։ Բանավեճը ցույց տվեց, որ առևտրատնտեսական համագործակցության ներուժի բացահայտման կարևոր քայլ կարող է դառնալ «ԵԱՏՄ-Ուզբեկստան» գործարար համաժողովի անցկացումը։
Տեղեկանք
2020 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանին շնորհվել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակը։ 2021 թվականի ապրիլի 30-ին Կազանում ստորագրվել է ԵՏՀ և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը, ինչպես նաև հաստատվել ԵՏՀ և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2021-2023 թթ. համատեղ միջոցառումների պլանը:
2022 թվականի հուլիսի 12-ին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի Տաշկենտ կատարած այցի ընթացքում այս պլանը լրացվել է փոխգործակցության նոր ուղղություններով։
Աշխատանքային խումբը հիմնադրվել է հուշագրին համապատասխան։
Ուզբեկստանը ԵԱՏՄ-ի կարևոր արտաքին առևտրային գործընկերն է: