Տնտեսության իրական հատվածին աջակցելու նոր միջոցները, Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկատերերի արդյունավետ փոխգործակցությունը նոր արդյունաբերական նախագծեր ստեղծելու նպատակով դարձել են Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության խորհրդատվական կոմիտեի նիստի օրակարգի գլխավոր թեմաները։
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել է Միությունում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր ընդունված մեխանիզմը։ ԵՏՀ նախարարը միջոցառման մասնակիցներին մանրամասն ծանոթացրել է նախագծերի ընտրության չափանիշներին, դրանց քննարկման կանոններին, տրամադրել նախագծերի իրականացման համար առավել գերակա ոլորտների ցանկը։
«Վստահ եմ, որ մեր կայացրած որոշումների կիրարկումը թույլ կտա որակապես բարելավել ինտեգրացիոն փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում», – նշել է Արտակ Քամալյանը։ԵՏՀ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ Գործարար խորհրդին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև հանդիպման ընթացքում պատասխանելով հարցերին, նշել է բիզնեսի առաջատար դերը հեռանկարային կոոպերացիոն նախագծերի փաթեթի ձևավորման գործում, որոնք կարող են իրականացվել արդյունաբերությանն աջակցելու նոր միջոցների օգնությամբ: Նա նաև ընդգծել է, որ Միության պետությունների գործարար շրջանակների համակարգող և խորհրդատվական մարմինն ունի բիզնես նախաձեռնությունների փորձագիտական գնահատման արժեքավոր ռեսուրս, և այդ գործոնը կդառնա Հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև հետագա փոխգործակցության առանցքային գործոններից մեկը։
Արտակ Քամալյանն ընդգծել է, որ ԵՏՀ-ն շահագրգռված է ԵԱՏՄ բիզնեսի հետ ավելի ակտիվ համագործակցությամբ, և նշել իր պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը ԵԱՏՄ բյուջեից ֆինանսական աջակցության հնարավորության մասին գործարար շրջանակների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Այսպես, դեկտեմբերի 11-ին ժամը 11.00-ին Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի տարածքում տեղի կունենա արդյունաբերական կոոպերացիայի զարգացման նոր մեխանիզմի բաց շնորհանդեսը։
«Մենք երկխոսության ենք հրավիրում ԵԱՏՄ երկրների բոլոր ձեռնարկատերերին, որոնք հետաքրքրված են կոոպերացիոն նախագծեր ստեղծելու հարցում և ֆինանսական օգնության կարիք ունեն», – եզրափակել է ԵՏՀ նախարարը։