Նորություններ

14.06.2024

ԵՏՀ-ն և ՄԱԿ ԷՍԿԱՏՕ-ը քննարկել են աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության հարցեր

Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության զարգացման հարցեր քննարկել են փորձագետների խմբի խորհրդակցության և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ՄԱԿ ԷՍԿԱՏՕ) կողմից կազմակերպված «Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում միգրացիային առնչվող ֆակտոլոգիական բազայի ամրապնդում. տվյալներ, գենդերային ասպեկտների ազդեցություն և դրամական փոխանցումներ» սեմինարի մասնակիցները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության միասնական աշխատաշուկայի վիճակի և զարգացման հեռանկարների մասին։ Նա հատուկ կարևորել է ԵՏՀ և ՄԱԿ ԷՍԿԱՏՕ միջև համագործակցությունը. 

«Մեր փոխգործակցությունը նոր հեռանկարներ է բացում աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության տարածաշրջանային ռազմավարությունների զարգացման համար: Փորձի և գիտելիքների փոխանակումն օգնում է ավելի արդյունավետ արձագանքել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Միության երկրների բոլոր քաղաքացիների համար»։

Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ-ում դրամական փոխանցումների համակարգի զարգացման հեռանկարները՝ նշելով օրենսդրական դաշտի կատարելագործման, դրամական գործարքների թափանցիկության և անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը։

ԷՍԿԱՏՕ-ն ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովն է, որը ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է: ԷՍԿԱՏՕ կենտրոնակայանը գտնվում է Թաիլանդի Թագավորության Բանգկոկ քաղաքում: ԷՍԿԱՏՕ կազմում ներառված է 53 պետություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը), ինչպես նաև 9 ասոցացված անդամ։

ԵՏՀ և ՄԱԿ ԷՍԿԱՏՕ փոխգործակցությունը հիմնված է 2019 թվականի մայիսի 17-ին Ղազախստանում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վրա: