Լոգիստիկայի նոր իրողություններում մատակարարումների կայուն շղթաների ապահովմանն ուղղված միջոցների քննարկումը կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից «Տրանսպորտի թվային վերափոխում. հիմնական միտումներ և սիներգետիկ էֆեկտ» պանելային նստաշրջանում՝ Առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ համաժողովի շրջանակներում, որն անցկացվում է Սամարղանդում (Ուզբեկստան) ԷՍԿԱՏՕ-ի հովանու ներքո։
Միջոցառումը բացել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհայիլ Խանը։
Պանելային նստաշրջանը՝ որպես քննարկման հարթակ, համախմբել է գործարար համայնքին և միջազգային կազմակերպությունների փորձագետներին համաշխարհային առևտրում տրանսպորտի և լոգիստիկայի ժամանակակից առանձնահատկությունները քննարկելու նպատակով:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել եվրասիական մայրցամաքում անխափան տրանսպորտային տարածքի ձևավորման հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև որոշել տրանսպորտի ոլորտի թվայնացման գործընթացները զսպող առանցքային գործոնները:
Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել են էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման, տրանսպորտային միջանցքների զարգացման գործում նորարարության և թվային գործիքների դերի, համատեղ թվային նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների որոշման, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրության անդրսահմանային ճանաչման հեռանկարների հաշվին մատակարարումների կայուն շղթաների ապահովման հարցեր։
«Միջազգային կազմակերպությունների և միավորումների համագործակցությունը թվային տրանսպորտային համակարգերի ինտեգրման ոլորտում թույլ է տալիս աստիճանաբար ձևավորել անխափան տրանսպորտային տարածք Մեծ Եվրասիայի շրջանակներում՝ հաշվի առնելով ինքնիշխանության և ազգային շահերը հարգելու սկզբունքները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
Քննարկումների արդյունքներով նշվել է, որ տրանսպորտային, լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքների զարգացած ցանցի առկայությունը, որն ընկալունակ է թվային և խելացի տեխնոլոգիաների հանդեպ, այսօր հիմնական անհրաժեշտությունն է Մեծ Եվրասիայի տարածաշրջանում տնտեսական միջանցքների պահպանման համար։
Բանախոսներն էին ԱՊՀ գործկոմի, Եվրասիայում IRU-ի մշտական ներկայացուցչության, Ուզբեկստանի տրանսպորտի նախարարությանն առընթեր «Թվային տրանսպորտ» կենտրոնի, «ՕՏԼԿ ԵՌԱ» ԲԸ-ի, «Գազինֆորմսերվիս» ՍՊԸ-ի, «Վլադիվոստոկի ծովային առևտրային նավահանգիստ» ՀԲԸ-ի (FESCO) ներկայացուցիչներ:
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (ԷՍԿԱՏՕ) ՄԱԿ-ի՝ անդամ պետությունների կազմով եզակի տարածաշրջանային հանձնաժողով է, որը կոչված է նպաստելու Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների սոցիալտնտեսական զարգացմանը: ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովներից խոշորագույնն է (ԷՍԿԱՏՕ-ի տարածաշրջանում ապրում է 3.8 մլրդ մարդ՝ մոլորակի բնակչության մոտ 60 տոկոսը): Գտնվելու վայրը՝ Բանգկոկ (Թաիլանդ):
Պանելային նստաշրջանը՝ որպես side-event ԷՍԿԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում, կազմակերպվել էր ԵՏՀ տրանսպորտային բլոկի կողմից՝ ԷՍԿԱՏՕ-ի քարտուղարության հետ համագործակցությամբ, Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ: