Նորություններ

20.02.2023

ԵՏՀ-ն և եվրոպական բիզնեսը խորացնում են երկխոսությունը տեխնիկական կարգավորման ոլորտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թիմուր Նուրաշևը փետրվարի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական բիզնեսների ընկերակցության (ԵԲԸ) Արտադրանքի համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Սոլդատովի և ընկերակցության անդամների հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջներ սահմանելու, ստանդարտացման, համապատասխանության գնահատման, արտադրանքի, այդ թվում՝ երրորդ երկրներից, մուտքը շուկա թույլատրելու հարցեր։

Մասնավորապես, Հանձնաժողովի ներկայացուցիչները խոսել են Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» և «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունների նախապատրաստման մասին։ Հանդիպման մասնակիցներին բացատրվել են արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգեր և հեռավար գնահատման կիրառման հնարավորություններ՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան COVID-19-ի պայմաններում։

Հատուկ ուշադրության են արժանացել գրանցման ընթացակարգերի հետ կապված հարցերը, ներառյալ՝ ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի, կրկնօրինակների տրամադրումը, ինչպես նաև դրանց գրանցումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել և պայմանավորվել բարձրաձայնվող հարցերի կարգավորման նպատակով լրացուցիչ հանդիպում կազմակերպելու մասին։

Միջոցառման մասնակիցները հաստատել են Հանձնաժողովի ներկայացուցիչների և բիզնեսի միջև երկխոսության կարևորությունը, որի շրջանակներում քննարկվում են տեխնիկական կարգավորման ոլորտի Միության իրավունքի կատարելագործման խնդրահարույց հարցերն ու առաջարկները։


Տեղեկանք

Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) Ռուսաստանում օտարերկրյա ներդրողների հիմնական ներկայացուցչությունն է: 1995 թվականին հիմնադրված ԵԲԸ-ն անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանում գործող ավելի քան 500 ընկերություն։ ԵԲԸ կազմում ընդգրկված են խոշոր միջազգային կորպորացիաներ և Եվրոպական միության, Եվրոպական ընկերակցության և աշխարհի այլ տարածաշրջանների փոքր և միջին բիզնես ձեռնարկություններ, ինչպես նաև ռուսական, ամերիկյան, ճապոնական, կորեական և թուրքական ընկերություններ:

Նրանց բոլորին միավորում է կողմնակցությունը Եվրոպական միության և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներդրումային կլիմայի բարելավման ձգտումը: