ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը և Նիկարագուայի արդյունաբերության և առևտրի նախարար Խեսուս Բերմուդեսը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նիկարագուայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիր: Արարողությունը կայացել է հունվարի 17-ին Մանագուայում։
«Նիկարագուան և Եվրասիական տնտեսական միության պետությունները ավանդաբար ամուր կապեր ունեն լայն օրակարգի մասով, և լրիվ տրամաբանական է, որ հաշվի առնելով եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների ակտիվ զարգացումը և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում այլ գործընկերների հետ Հանձնաժողովի փոխգործակցության դրական օրինակները, մենք ուղիղ երկխոսության ենք դուրս եկել Նիկարագուայի կառավարության հետ», — ասել է Սերգեյ Գլազևը։
Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ-ի և Նիկարագուայի միջև համագործակցության զարգացման առանցքային ուղղությունները, ինչպիսիք են մաքսային և տեխնիկական կարգավորումը, արդյունաբերությունը, ագրոարդյունաբերական համալիրը, ՍԲՍ միջոցները, սպառողների իրավունքների պաշտպանությունը և այլն: Այս ուղղություններով աշխատանքը պայմանավորվեն են սկսել արդեն ընթացիկ տարում ԵՏՀ պրոֆիլային ստորաբաժանումների և Նիկարագուայի նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով։ Դա թույլ կտա արդյունավետ կապեր հաստատել դեռ Հուշագրի շրջանակներում ստեղծվող աշխատանքային խմբի առաջին հանդիպումից առաջ։
Կողմերը նախատեսում են զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակման. հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման, խորհրդաժողովների, գործարար առաքելությունների համատեղ նախապատրաստման և կազմակերպման, այդ թվում՝ Միության պետությունների և Նիկարագուայի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև համատեղ վերլուծական նյութերի և զեկույցների պատրաստման միջոցով:
«Հուշագրի շրջանակներում փոխգործակցությունն ուղղված էԵԱՏՄ երկրների և Նիկարագուայի միջև առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, — նշել է ԵՏՀ նախարարը, — ընդ որում, ներուժը կարող է բացահայտվել ոչ միայն ապրանքների առևտրի ծավալների ավելացման, այլև կոոպերացիայի զարգացման և համատեղ նախագծերի իրականացման հաշվին»։
Նախքան փաստաթուղթը ստորագրելը Նիկարագուայի նախագահի խորհրդական Լաուրեանո Օրտեգան և Նիկարագուայի արդյունաբերության և առևտրի նախարար Խեսուս Բերմուդեսը ներկայացրել են իրենց երկրի տնտեսական ներուժը, բիզնես վարելու պայմանները՝ շեշտը դնելով ԵԱՏՄ երկրներից գործընկերների հետ համագործակցության զարգացման հեռանկարների վրա։ Ընդգծվել է հետաքրքրությունը Միության բոլոր երկրների հաշվին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մատակարարումների ավելացման, ինչպես նաև շփումների աշխարհագրության ընդլայնման նկատմամբ։
Նիկարագուացի գործընկերները մանրամասն տեղեկացրել են ԵԱՏՄ գործարար շրջանակների կողմից Նիկարագուայի տարածքում զարգացման ազատ գոտիների մեխանիզմի օգտագործման հնարավորությունների մասին և վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի իրենց գործընկերներին գործնականում կհետաքրքրի այս մեխանիզմը, որն ակտիվորեն առաջ է մղվում Նիկարագուայի կառավարության կողմից:
Հուշագրի իրականացման գործնական ասպեկտները նախատեսվում է քննարկել Սերգեյ Գլազևի և Նիկարագուայի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի, Ֆինանսների և պետական վարկի նախարարության, Զբոսաշրջության նախարարության և Զարգացման ազատ գոտիների հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավարության միջև երկկողմ հանդիպումների ընթացքում:
Տեղեկանք
Նիկարագուայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը դրական դինամիկա է գրանցում: 2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ արտահանումն այս երկիր աճել է 14%-ով, իսկ ներմուծումը՝ ավելի քան երկու անգամ։ Արտահանման մեջ գերակշռում են դեղամիջոցները, ավտոմեքենաները և դրանց մասերը, ազոտական պարարտանյութերը, արևածաղկի ձեթը, նավթամթերքը. ներմուծումը ներառում է գետնանուշը, սուրճը, ծխախոտի արտադրանքը և հումքը, տրիկոտաժեղենը և մանածագործվածքը:
2024 թվականի հունվարի կեսերին ԵՏՀ-ն փոխգործակցության լայն ցանց է ձևավորել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների և ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության հուշագրեր կնքելու միջոցով։ Կառավարության մակարդակով՝ Չիլիի, Պերուի, Կուբայի հետ. նախարարների մակարդակով` Էկվադորի, Արգենտինայի հետ. ինտեգրացիոն կառույցների մակարդակով` Անդյան համայնքի, Լատինամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ), Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈՒՐ), Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման քարտուղարության (ՍԻԵԿԱ) հետ: