Նորություններ

24.01.2023 (Обновлено: 26.01.2023 14:34)

ԵՏՀ-ն մեկ տարի ժամկետով զրոյացրել է 5-ից 50 հազար կՎտ հզորությամբ գազատուրբինների մասերի ներմուծման մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշել է ժամանակավորապես զրոյացնել 5-ից 50 հազար կՎտ հզորությամբ գազատուրբինների մասերի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ): Ներկայումս ԵԱՏՄ ՄՄՍ համապատասխան դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 5%-ը։ Քննարկվող մասերից են ցածր ճնշման տուրբինի իրանի, կոմպրեսորի և արտանետող դիֆուզորի անիվները, լիսեռի առջևի ծայրը, կոմպրեսորի սկավառակը, հենարանները, փչահարման օդի հովացման ջերմափոխանակիչը, օժանդակ համակարգերի ռեդուկտորը և Իտալիայից ներմուծվող այլ մասեր, ԱՄՆ-ից և Հոլանդիայից ներկրվող տարբեր փականներ, ինչպես նաև Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկրվող որոշակի այլ մասեր։

«Միջոցառումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության տարածքում վերջնական արտադրանքի արտադրության զարգացմանը, ինչպես նաև կազդի գազավերամղիչ ագրեգատների վրա տեղադրվող գազատուրբինների արտադրության վրա, որոնք օգտագործվում են կոմպրեսորային կայաններում՝ բնական գազը մայրուղային գազատարներով փոխադրելու համար», - ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։


Նրա խոսքով՝ որոշումը թույլ կտա ԵԱՏՄ նավթագազային արդյունաբերության ձեռնարկություններն ապահովել նոր սերնդի էներգետիկ սարքավորումներով, ինչպես նաև արդիականացնել եվրասիական երկրների գազատրանսպորտային համակարգը։
 

Նախարարը նաև նշել է, որ այս պահին Միությունում ակտիվորեն իրականացվում են գազատուրբինների մասերի արտադրության տեղայնացման ծրագրեր: Ազատված միջոցները նախատեսվում է ուղղել համապատասխան միջոցառումների հետագա ընդլայնմանը՝ դրանք մինչև 2025 թվականն ավարտելու համար։

Տեղեկանք

ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 15-ի № 110 և 2016 թվականի մարտի 1-ի № 21 որոշումների համաձայն՝ 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գազատուրբինների մասերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է մաքսային արժեքի 0%-ի չափով մաքսատուրք։