Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Ժնևում՝ ելույթ ունենալով Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 115-րդ նիստում, առաջարկել է ստեղծել զբաղվածության միջազգային հարթակ։ ԵՏՀ նախարարի խոսքով՝ նման հարթակը կարող է տեղեկատվություն կուտակել թափուր աշխատատեղերի և աշխատանքային պայմանների մասին։
«Միգրացիոն գործընթացների կարգավորման մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը երկրում միգրանտների աշխատանքի տեղավորման և կեցության օրինականության ապահովման բանալին է։ Թվայնացումը հեշտացնում է ծառայությունների հասանելիությունը, նվազեցնում է աշխատանք և աշխատանք հայցողներին փնտրելու ծախսերը, կարգավորում է միգրացիոն գործընթացները»,- նշել է ԵՏՀ նախարարը։
Բախիթ Սուլթանովը խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրներում միգրացիոն գործընթացների կարգավորման առանձնահատկությունների, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ Եվրասիական տնտեսական միությունում միասնական աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ ԵՏՀ աշխատանքի մասին։
«Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ աշխատում է աշխատանքային միգրանտների համար կեցության երկրում էլեկտրոնային ձևով պետական ծառայություններից օգտվելու հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ», - ընդգծել է Բախիթ Սուլթանովը։
ԵՏՀ փոխգործակցում է ՄՄԿ հետ 2013 թվականի ապրիլի 12-ի Համագործակցության մասին հուշագրի հիման վրա: Կողմերն այժմ աշխատում են այն թարմացնելու ուղղությամբ։ Բացի այդ, ԵՏՀ և ՄՄԿ վերջերս սկսել են մշակել ԵԱՏՄ-ում աշխատավոր միգրանտների ֆինանսական գրագիտության բարձրացման փորձնական նախագիծը: Բախիթ Սուլթանովի խոսքով՝ գլոբալ աշխատաշուկայում աճում է որակյալ կադրերի պահանջարկը, և ԵՏՀ-ն պատրաստ է ներկայացնել որակյալ աշխատանքային ուժի հոսքերի կարգավորման իր փորձը, ներառյալ պահանջված մասնագիտությունների ընդհանուր ցանկի ձևավորման մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որակավորումներին ներկայացվող պահանջների մերձեցումը և հմտությունների և որակավորումների հարթակների զարգացումը: |