Նորություններ

17.11.2023

ԵՏՀ-ն շարունակում է տրանսպորտի վերաբերյալ 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի մշակումը

Տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հեռանկարները, ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտի կարգավորումը սահմանող փաստաթղթերի պատրաստման խնդիրները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը և Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարար Ալեքսեյ Լյախնովիչը: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 15-ից նոյեմբերի 17-ը ԵՏՀ նախարարի Մինսկ կատարած այցի շրջանակներում։

Կողմերը մանրամասն քննարկել են ԵԱՏՄ երկրների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը: Արզիբեկ Կոժոշևը նախանշել է ճանապարհային քարտեզի այն միջոցառումները, որոնց առնչությամբ փորձագիտական մակարդակով սկզբունքային տարաձայնություններ են հայտնաբերվել, և առաջարկել է աշխատանքի ալգորիթմ։ 

«Այս փուլում չափազանց կարևոր է քննարկումները դուրս բերել փաստաթղթի նախագծի շրջանակներից, շարունակել վիճելի խմբագրությունների վրա աշխատանքը Հանձնաժողովի խորհրդատվական, խորհրդակցական հարթակներում, փոխզիջումային լուծումների հասնել և լրացնել ճանապարհային քարտեզը։ Փաստաթուղթը կառավարությունների ղեկավարների կողմից պետք է ընդունվի 2024 թվականի 1-ին կիսամյակում», – նշել է ԵՏՀ նախարարը։

Եվրասիական և Բելառուսի նախարարները պայմանավորվել են, որ կքննարկեն տրանսպորտային քաղաքականության իրականացման հարցերը, ոլորտային ինտեգրման խնդիրները և հեռանկարները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը) ձևավորվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի № 19 որոշման կատարման շրջանակներում։ Ներկայումս աշխատանքներ են տարվում 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի վրա։