Նորություններ

27.04.2023

ԵՏՀ-ն զարգացնում է ՉԺՀ-ի հետ փոխգործակցությունը տեխնիկական կարգավորման ոլորտում

Ապրիլի 27-ին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության և Շուկայի կարգավորման պետական վարչության (SAMR) ներկայացուցիչների միջև՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության փորձագետների մասնակցությամբ։


Հանդիպումն անցել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Տատյանա Նիկոլաևայի և SAMR միջազգային համագործակցության վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Մա Վենսյուի նախագահությամբ։

2022 թվականի մայիսին կայացած առաջին համանման հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ կողմերը քննարկել են անվավոր փոխադրամիջոցների և քիմիական արտադրանքի համար ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի շուկաների հասանելիության հարցերը։ Մասնավորապես, չինացի գործընկերները ներկայացրել են իրենց փորձը նոր քիմիական նյութերի գրանցման համակարգի ձևավորման և կիրառվող քիմիական նյութերի գրանցամատյանի վարման ուղղությամբ, որն արդիական է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ում քիմիական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի երկրորդ մակարդակի փաստաթղթերի մշակման իրականացումը:

Չինական կողմն առաջարկել է հերթական աշխատանքային հանդիպումներից մեկի շրջանակներում քննարկել ՉԺՀ-ի և Միության պետությունների միջև համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորությունը։ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության կողմից առաջարկ է ներկայացվել ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի միջև չափումների միասնության ապահովման ոլորտում համագործակցության ուղղությունների մշակման վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են լրացուցիչ տեղեկատվություն փոխանակել քննարկված հարցերի շուրջ և փորձագետների միջև կոնկրետ թեմաների շուրջ աշխատանքային փոխգործակցություն հաստատել։

Տեղեկանք

Շուկայի կարգավորման պետական վարչությունը (SAMR) ձևավորվել է 2018 թվականին վարչական բարեփոխման ընթացքում և հանդիսանում է շուկայի կարգավորող՝ տարբեր ոլորտներում ունեցած լայն լիազորություններով։ Դրանց թվում են սննդամթերքի անվտանգությունը, մրցակցության պաշտպանությունը և մենաշնորհների գործունեությունը, շուկայի սուբյեկտների գրանցումը, արդյունաբերական անվտանգությունը, ստանդարտացումը, չափագիտությունը, փորձարկումները, ստուգումները, համապատասխանության գնահատումը, պետական վերահսկողությունը, որակի վերահսկողությունը և որակի ազգային ենթակառուցվածքի ձևավորումը: