Նորություններ

05.03.2024

ԵՏՀ-ն սահմանել է Միության մսի և մսամթերքի տեխկանոնակարգում կատարված փոփոխությունների գործողության մեջ դնելու կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է հաստատել, որով սահմանվել է «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 034/2013) կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։

ԵՏՀ խորհրդի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված և 2024 թվականի ապրիլի 7-ին ուժի մեջ մտած այս փոփոխությունները վերաբերում են սպիտակուցի և ճարպի դժվարությամբ ստանդարտացվող պարունակության բնական տարասեռությամբ բնորոշվող՝ սպանդից գոյացած մթերքի և մսամթերքի սննդային արժեքի մասին մակնշման մեջ նշված սննդային տեղեկատվության հստակեցմանը: Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների շեղման թույլատրելի սահմաններ. սպիտակուցի՝ մակնշման մեջ նշված արժեքի առնվազն 80%-ը. ճարպերի, ածխաջրերի՝ առավելագույնը 120%-ը: Նշված ապրանքների էներգետիկ արժեքը (կալորիականությունը) նույնպես չպետք է գերազանցի մակնշման մեջ նշված արժեքի 120%-ը:

Հանձնաժողովի Կոլեգիան անցումային շրջան է սահմանել սպանդից գոյացած մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (տեղեկությունների) համար, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Սպանդից գոյացած մթերքի և մսամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ թողնելը թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի ժամկետի ավարտը։ Արտադրանքը կարող է շրջանառվել արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում:

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա, քանի որ արտադրողները և վաճառողները (մատակարարները) կկարողանան աստիճանաբար անցնել սննդային արժեքի մասին տեղեկատվությունը մակնշման մեջ նշելու վերաբերյալ փոփոխություններով ճշգրտված պահանջների կատարմանը: