Նորություններ

24.08.2022

ԵՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրներում պետգնումների թվայնացման միջոցների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կարգադրությամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցների ցանկը: Հարցը քննարկվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև Մասնակից երկրների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի իրագործման շրջանակներում:

ԵՏՀ կողմից հաստատված փաստաթուղթը նախատեսում է էլեկտրոնային ձևաչափով՝ էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործմամբ գնումների բոլոր մրցակցային ընթացակարգերի կատարման համար իրավական հիմքի ձևավորման հետ կապված հարցերի լրամշակումը, ինչպես նաև նման ընթացակարգերի կատարման ժամկետների կրճատումը: Բացի այդ, դրանում ներառված են այնպիսի միջոցառումներ, որոնք առնչվում են պետությունների առկա գնման տեղեկատվական համակարգերի հնարավոր կատարելագործմանը, բանկային երաշխիքների թվային գրանցամատյանների ձևավորման համար այդ համակարգերում լրացուցիչ մոդուլների ստեղծմանը, գնումներ իրականացնելիս դավադրությունների հետագծմանը:

Ըստ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևի՝ փաստաթուղթը պետգնումների մասնակիցների միջև բարեխիղճ մրցակցություն կապահովի:

«ԵԱՏՄ-ում պետգնումների ընթացակարգերի թվայնացումը կարևոր տարր է ԵԱՏՄ բոլոր երկրների մատակարարների համար միմյանց գնումներին մասնակցության լիարժեք հասանելիության ապահովման գործում: Հանձնաժողովի կողմից հաստատված ցանկը ներառում է այն համացանցային պորտալների ծրագրաապարատային համալիրների կատարելագործման միջոցառումները, որոնց միջոցով Միության պետություններում իրականացվում են պետգնումները: Այդ միջոցառումների որակյալ իրականացման համար մենք պայմանավորվել ենք ձևավորել լիազորված մարմինների և առևտրային համակարգերի օպերատորների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: Ցանկանում եմ նշել, որ երկրների փորձագետների հետ համատեղ մենք արդեն աշխատում ենք ազգային ԷԹՍ-ների (էլեկտրոնային թվային ստորագրություն) փոխադարձ ճանաչման կանոնների շուրջ, որը կարևոր է ԵԱՏՄ պետական գնումների լիարժեք թվայնացման համար», - մեկնաբանել է փաստաթուղթը Արման Շակալիևը: