Նոյեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, տեսակների, գծերի և խաչասերման արդյունքների փորձարկման կարգում՝ այն լրացնելով «Գյուղատնտեսական կենդանիների փորձարկվող նոր ցեղատեսակների, տեսակների, գծերի և խաչասերման արդյունքների տարբերելի լինելու, միասեռության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության գնահատում» հավելվածով:
Փաստաթուղթը պատրաստվել է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական կենդանիների տեսակային առանձնահատկությունները և արտադրողականության ուղղությունները։ Այն պարունակում է անասնաբուծությունում սելեկցիոն նվաճումների միասեռության, տարբերելի լինելու, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության գնահատման ժամանակ հաշվի առնվող հատկանիշների ցուցանիշների որոշման (հաշվարկի) ալգորիթմեր, չափման, որոշման, հետազոտման նկարագրություններ (ներառյալ նկարազարդումները) և մեթոդներ: Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ շրջանակներում փորձարկվող նոր սելեկցիոն նվաճումների տարբերելի լինելու, միասեռության, կայունության և հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության գնահատման միասնական մեթոդիկայի կիրառում: Սա վերաբերում է խոշոր և մանր եղջերավոր անասուններին, խոզերին, ձիերին, ուղտերին, եղնիկներին, թռչուններին, մորթատու կենդանիներին, ձկներին և մեղուներին։
«Կատարվող փոփոխությունները թույլ կտան փորձարկման ընթացքում ավարտին հասցնել իրավական հիմքի ձևավորումը, միասնականացնել անասնաբուծության ոլորտում ստեղծվող սելեկցիոն նվաճումների հաստատման աշխատանքները և կապահովեն դրանց ճանաչումը ԵԱՏՄ շրջանակներում։ Դա իր հերթին նպաստելու է կենդանիների գենետիկ ներուժի աճին, մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության ծավալների մեծացմանը, ներմուծումից կախվածության նվազեցմանը և փոխադարձ մատակարարումների ծավալների ավելացմանը», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
Կոլեգիայի նիստում ընդունվել է նաև «Կաթի արտադրողականության հաշվառման և արտադրողականության կաթնային ուղղությամբ խոշոր եղջերավոր անասունների կաթի որակի լաբորատոր վերահսկողության իրականացման միասնականացված մոտեցումների մասին» հանձնարարականը։
Փաստաթուղթը, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով Միության պետությունների փորձը և Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի (ICAR) հանձնարարականները, ուղղված է խոշոր եղջերավոր անասունների կաթի արտադրողականության գնահատման գործընթացների հավաստիության բարձրացմանը։ Հանձնարարականի դրույթների կիրառումը կնպաստի անդամ պետություններում օբյեկտիվ, անկախ սելեկցիոն հաշվառման համակարգի, այնպիսի ասիստենտական ծառայությունների գործունեության կարգի ստեղծմանը, որոնց իրավասությունը ներառում է միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա տոհմային գլխաքանակի կաթի արտադրողականության հաշվառում վարելու և վերահսկելու հարցերը:
Ընդունված փաստաթղթերը թույլ կտան բարձրացնել տոհմային գործի կազմակերպման և վարման մակարդակը, կնպաստեն Եվրասիական տնտեսական միության երկրներում մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության զարգացմանը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, տեսակների, գծերի և խաչասերման արդյունքների փորձարկման կարգը հաստատվել է Հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի № 113 որոշմամբ։ Նախքան փոփոխությունները անասնաբուծության ոլորտի սելեկցիոն նվաճումների տարբերելի լինելու, միասեռության և կայունության գնահատումն իրականացվում էր անդամ պետություններում՝ ազգային օրենսդրությանը համապատասխան: