Սեպտեմբերի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը։
Խորհրդակցության մասնակիցները՝ ԵԱՏՄ գործադիր իշխանության մարմինների և ոլորտային կոնցեռնների ղեկավարների տեղակալները, քննարկել են մի շարք առանցքային հարցեր՝ կապված Եվրասիական «հնգյակի» երկրների մակարդակով կոոպերացիայի և ներմուծման փոխարինման աջակցության մեխանիզմների հետ։
«Անցյալ տարվա դեկտեմբերին բարձր մակարդակի աշխատանքային խումբը Կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի վերածվելու պահից ԵՏՀ արդյունաբերական բլոկը Միության երկրների լիազոր մարմինների հետ համատեղ համակարգված և արդյունավետ աշխատանք է իրականացրել, և այսօր գերակա ոլորտներում Միության պետությունների համատեղ համագործակցության կոոպերացիոն զարգացումը խթանելու համար մեզ անհրաժեշտ է որոշումներ կայացնել մի շարք կարևոր հարցերի շուրջ», — հայտարարել է Արտակ Քամալյանը։
Հանձնաժողովի անդամները որոշում են ընդունել ԵԱՏՄ երեք և ավելի երկրների մասնակցությամբ նման կոոպերացիոն նախագծերի ձևավորման ուղղությամբ անդամ պետությունների գործադիր մարմինների աշխատանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։ Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցման նոր վերազգային մեխանիզմը, որը նախատեսում է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորում Միության բյուջեից:
«Ներկայումս լրամշակվում է համապատասխան դրույթ, որով անհրաժեշտ է առաջնորդվել համատեղ նախագծեր ընտրելիս ու իրականացնելիս: Նոր մեխանիզմը կօգնի զգալիորեն իրացնել կուտակված ներուժը տնտեսության իրական հատվածի զարգացման և հզորացման համար, — նշել է ԵՏՀ նախարարը։ — Ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել մեր երկրների բիզնեսի հետ հեռանկարային կոոպերացիոն նախագծեր ձևավորելու ուղղությամբ»։
Քննարկման շրջանակներում կողմերը նշել են կոոպերացիայի զարգացման խթանման ոչ ֆինանսական մեխանիզմների ձևավորման միջոցով ԵԱՏՄ արդյունաբերական ներուժի համախմբման նպատակահարմարությունը, ինչպես նաև պայմանավորվել են արդիականացնել ԵԱՏՄ արդյունաբերականացման քարտեզը, որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում։ Այսօր այս փաստաթուղթը ներառում է արդյունաբերության 25 ոլորտի 158 խոշոր ներդրումային և կարևոր նախագիծ։
Նիստում նաև հավանության է արժանացել ԵԱՏՄ-ի էլեկտրոնային ծառայության զարգացման աշխատանքների շարունակությունը, որը տեղեկատվություն է պարունակում անդամ պետությունների արդյունաբերանորարարական ենթակառուցվածքի օբյեկտների մասին։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ԵՏՀ Կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի N 225 կարգադրությամբ:
Հանձնաժողովի հիմնական նպատակներն են Միության մակարդակով արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման աշխատանքների կազմակերպմանն ուղղված համալիր աջակցությունը. Միության մակարդակով գերակա և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում կոոպերացիային և (կամ) ներմուծման փոխարինմանը աջակցելու մեխանիզմների և գործիքների մշակումը. աջակցությունը ԵԱՏՄ մակարդակով ներմուծման փոխարինման կոոպերացիոն արտադրական շղթաների կառուցմանը. Միության պետություններում արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքի համար ներքին և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանն ուղղված առաջարկների մշակումը. ներքին և արտաքին շուկաներում անդամ պետություններում արտադրվող մրցունակ բարձր տեխնոլոգիական արտադրանքի պահանջվածության բավարարմանն ուղղված միջոցների մշակումը։