Նորություններ

19.01.2024

Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ երկրների հետ արդյունաբերական համագործակցության զարգացմամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկի գլխավորությամբ, Նյու Դելիում (Հնդկաստանի Հանրապետություն) մասնակցել է Smart Cities India Expo տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների միջազգային ցուցահանդեսին և խորհրդաժողովին։

«Հնդկաստանը Հարավային Ասիայում Եվրասիական տնտեսական միության ռազմավարական գործընկերներից մեկն է։ Մենք արդյունաբերական համագործակցության զարգացման ներուժ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրամեքենաշինություն, վերականգնվող էներգետիկան, էլեկտրոնային արդյունաբերությունը, մետաղագործությունը, դեղագործությունը և քիմիական արդյունաբերությունը», — նշել է Նիկոլայ Ռոգոժնիկը։

ԵՏՀ-ի ներկայացուցիչները խոսել են արդյունաբերության ոլորտում եվրասիական ինտեգրման առանցքային սկզբունքների մասին, միջոցառման մասնակիցների հետ քննարկել են ավտոմոբիլային էլեկտրական տրանսպորտի, դրա լրակազմողների և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրության զարգացման փորձն ու զարգացումները:

Հանձնաժողովի ներկայացուցիչները Հնդկաստանի Հանրապետության պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են նաև արդյունաբերական համագործակցության արդիական հարցեր։

Հնդկական կողմը հայտնել է, որ հետաքրքրված է արդյունաբերության ոլորտում ԵՏՀ-ի հետ երկխոսություն զարգացնելու հարցում՝ ներառյալ առանցքային ոլորտներում համագործակցության հարցերի մշակումը։ Բացի այդ, հնդկական բիզնեսի և Հարավային Ասիայի ձեռնարկությունների ներկայացուցիչները հրավիրված են մասնակցելու ԵԱՏՄ-ում անցկացվող համաժողովային միջոցառումներին։

Տեղեկանք

Smart Cities India Expo տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների միջազգային ցուցահանդեսն ու խորհրդաժողովը նշված թեմատիկայով Ասիայի խոշորագույն միջոցառումներից է: Միջոցառման ընթացքում ցուցադրվում են ինչպես խոշոր ընկերությունների, այնպես էլ նոր սերնդի ստարտափերի նվաճումները, որոնց նպատակն է՝ հնդկական քաղաքները խելացի և կայուն դարձնել այնպիսի ոլորտների մշակումների միջոցով, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգետիկան, անօդաչու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտը, էլեկտրոնային կառավարումը, կապի համակարգերը, տվյալների պահպանումը և կառավարումը, քաղաքային պլանավորման նորարարական մեթոդները, լոգիստիկան և այլն: