Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 1-ին Երևանում (Հայաստանի Հանրապետություն) կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են 22 հարց։
Միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայում տեղեկատվական փոխանակման կանոնները: Սա էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործունեության կանոնների փաթեթի վերջնական փաստաթուղթն է, որի ընդունումը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրով։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանության են արժանացրել քաղաքացիական ավիացիայի ոլորտում Եվրասիական «հնգյակի» երկրների օրենսդրության ներդաշնակեցման մասին կարգադրությունը։ ԵԱՏՄ երկրների կառավարությունները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կկազմակերպեն անդամ պետությունների օրենսդրությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օդանավերի թռիչքային պիտանիության ոլորտի նորմերին և սկզբունքներին համապատասխան ներդաշնակեցնելու աշխատանքը։
Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգը։ Ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ստեղծման գլխավոր նպատակներն են բորսայական ապրանքների օբյեկտիվ շուկայական գների ձևավորումը, Միությունում առևտրի ծավալների աճը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացումը և համաշխարհային շուկայում ԵԱՏՄ ապրանքների արդար գնագոյացման ձևավորումը։ Ընդ որում, էներգետիկ ապրանքների բորսայական առևտրի հարցերը համաձայնեցվելու են էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների շրջանակում։
Միջկառավարական խորհուրդը քննարկել է 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման մասին զեկույցը: Փաստաթղթի համաձայն՝ անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի մուտքերը 2022 թվականի համեմատ աճել են 46.8%-ով՝ հասնելով ռեկորդային 14.8 մլրդ դոլարի։ 2023 թվականին հավաքագրված և բաշխված տուրքերի գումարն ամենաբարձրն է 2015 թվականից ի վեր։
Հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթը՝ Մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Արդյունաբերական համագործակցության նոր միջնաժամկետ կողմնորոշիչները համապատասխանում են Միությունում արդյունաբերության զարգացման միտումներին: Նաև հավանության են արժանացել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, կտավատի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի վերաբերյալ անդամ պետությունների 2024-2025 թվականների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունները։
Բացի այդ, Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024–2026 թվականների համատեղ միջոցառումների պլանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի կապակցությամբ փոստային նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։
Միջկառավարական խորհուրդը որոշել է, որ հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում։